Հոդված 63. Վկայի ցուցմունքները
Հոդված 63. Վկայի ցուցմունքները
1. Յուրաքանչյուր վկա հարցաքննվում է առանձին: Վկաները, որոնց ցուցմունքները հակասում են միմյանց, կարող են առերես հարցաքննվել:
2. Վկան դատարանին ցուցմունքներ է տալիս բանավոր:
Վկան դատարանի առաջարկությամբ կարող է իր ցուցմունքները շարադրել գրավոր:
3. Վկայի հաղորդած տեղեկություններն ապացույց չեն, եթե նա չի կարող հստակ նշել իր իրազեկության աղբյուրը:
4. Վկան պարտավոր է ճիշտ ցուցմունքներ տալ, պատասխանել դատավորի, կողմերի և դատավարության մյուս մասնակիցների հարցերին:
(պարբերությունն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն)
5. Դատարանը նախազգուշացնում է վկային` ակնհայտ կեղծ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար քրեական պատասխանատվության մասին: Դատարանը վկայից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը:
6. Բացառիկ դեպքերում որպես վկա կարող է կանչվել տասնվեց տարեկան չդարձած անձը, որը չի նախազգուշացվում ակնհայտ կեղծ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին:
(63-րդ հոդվածը լրաց., փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն)
⚖Հոդված 64. Գործին մասնակցող անձանց ցուցմունքները
(վերնագիրը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի ցուցմունքներ տալու գործով ապացուցման ենթակա փաստերի մասին:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի միջնորդելու, որ գործին մասնակցող մյուս անձը ցուցմունք տա գործով ապացուցման ենթական փաստերի մասին:
Դատարանը, բավարարելով միջնորդությունը, կարող է հանձնարարել գործին մասնակցող համապատասխան անձին տալ ցուցմունքներ գործով ապացուցման ենթակա փաստերի մասին:
Գործին մասնակցող անձը պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու և մերձավոր ազգականների դեմ:
2. Գործին մասնակցող անձի կողմից այն փաստն ընդունելը, որի միջոցով մյուս անձը հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները, պարտադիր չէ դատարանի համար:
Դատարանը կարող է ընդունված փաստը համարել հաստատված, եթե կասկածներ չկան, որ դա համապատասխանում է գործի հանգամանքներին, և կողմն այն չի ընդունել խաբեության, բռնության, սպառնալիքի, մոլորության ազդեցության տակ, մեկ կողմի ներկայացուցչի հետ մյուս կողմի չարամիտ համաձայնության հետևանքով կամ ճշմարտությունը թաքցնելու նպատակով:
(64-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)