Հոդված 41. Ներկայացուցչի լիազորությունների ձևակերպումը և հաստատումը
Հոդված 41. Ներկայացուցչի լիազորությունների ձևակերպումը և հաստատումը
1. Քաղաքացու տված լիազորագիրը վավերացնում է նոտարը կամ օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։ Փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով և վավերացման ենթակա չէ:
2. Կազմակերպության անունից լիազորագիրը տրվում է նրա գործադիր մարմնի ղեկավարի կամ կանոնադրությամբ կազմակերպությունը առանց լիազորագրի ներկայացնելու իրավասություն ունեցող անձի ստորագրությամբ։
3. Դատական նիստին ներկայացուցչի հետ մասնակցող կողմն իրավունք ունի իր ներկայացուցչի լիազորությունները հաստատելու դատարանի առջև՝ գրավոր սահմանելով վերջինիս լիազորությունների ծավալը:
4. Օրինական ներկայացուցչի լիազորությունները հաստատվում են իր կարգավիճակը հավաստող փաստաթղթով:
(41-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն, լրաց. 13.04.11 ՀՕ-110-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-50-Ն)
⚖Հոդված 42. Ներկայացուցչի լիազորությունները
Դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու դատավարական գործողություններ, բացառությամբ`
1) ստորագրելու հայցադիմումը.
2) գործը հանձնելու արբիտրաժային տրիբունալին.
3) ամբողջովին կամ մասնակի հրաժարվելու հայցային պահանջներից և ընդունելու հայցը.
3.1) արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթացին մասնակցելը.
4) փոխելու հայցի առարկան կամ դրա հիմքը.
5) փոխելու հայցային պահանջների չափը.
6) կնքելու հաշտության համաձայնություն.
7) այլ անձի փոխանցելու լիազորությունները (վերալիազորում).
8) բողոքարկելու դատական ակտը.
9) դիմելու իրավասու անձանց` վճռաբեկ բողոք բերելու խնդրանքով:
Սույն հոդվածում նշված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է հատուկ նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:
(42-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-61-Ն, լրաց. 07.05.15 ՀՕ-44-Ն)