Հոդված 216. Գործի քննության ժամկետը վերաքննիչ դատարանում
Հոդված 216. Գործի քննության ժամկետը վերաքննիչ դատարանում
1. Վերաքննիչ դատարանը գործը պետք է քննի և վճիռ կայացնի ողջամիտ ժամկետում:
2. Գործի քննության ողջամիտ ժամկետը որոշելիս հաշվի է առնվում նաև առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամկետը:
3. Վերաքննիչ դատարանը միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննում և կայացնում է որոշում գործը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում:
(216-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)
⚖Հոդված 217. Գործի քննության կարգը վերաքննիչ դատարանում
1. Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ ներկայացված բողոքները վերաքննիչ դատարանում քննվում են կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով, որոնցից մեկը նախագահում է դատական նիստը: Առաջին ատյանի դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված բողոքները վերաքննիչ դատարանում քննվում են միանձնյա:
2. Վերաքննիչ դատարանում գործի քննությունն իրականացվում է վճռաբեկ դատարանում գործի քննության կանոններով, եթե սույն բաժնով այլ կանոններ նախատեսված չեն:
3. Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո վերաքննիչ դատարանի դատական կազմի դատավորները ծանոթանում են վերաքննիչ բողոքին և գործի նյութերին:
4. Վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում նախագահող դատավորը շարադրում է վերաքննիչ բողոքի և վերաքննիչ բողոքի դեմ ներկայացված պատասխանի փաստարկները: Դատական կազմում ընդգրկված դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու նախագահող դատավորին, գործին մասնակցող անձանց:
(217-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն, փոփ. 10.06.14 ՀՕ-49-Ն)
⚖Հոդված 218. Գործին մասնակցող անձանց մասնակցությունը վերաքննիչ դատարանում գործի քննությանը
1. Բողոք բերած անձն իրավունք ունի ներկա գտնվելու վերաքննիչ դատարանի նիստին:
2. Բացատրություններ տալու անհրաժեշտության դեպքում վերաքննիչ դատարանի նիստին կարող են կանչվել բողոք բերած անձը, ինչպես նաև գործին մասնակցող անձինք, որոնք պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
(218-րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)
⚖Հոդված 219. Վերաքննության սահմանները
1. Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
2. Վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանին: Եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է գործը և այն ուղարկում համապատասխան առաջին ատյանի դատարան` նոր քննության, եթե գտնում է, որ ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար:
3. Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաստատված փաստերն ընդունվում են որպես հիմք, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքում վիճարկվում է այդ փաստը, և վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել: Նման դեպքերում վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստ կամ հաստատված չհամարելու ստորադաս դատարանի հաստատած փաստը, եթե առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացության:
4. Եթե առաջին ատյանի դատարանը հետազոտված ապացույցների հիման վրա դատական ակտում եզրակացության չի հանգել որևէ փաստի վերաբերյալ, ինչը պարտավոր էր անել, ապա վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստ, եթե առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացության:
(219-րդ հոդվածը խմբ. 13.06.00 ՀՕ-71, փոփ. 07.07.06 ՀՕ-153-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)
⚖Հոդված 220. Վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանի կողմից կայացվող որոշումը
(վերնագիրը խմբ. 10.06.14 ՀՕ-49-Ն)
1. Վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի սույն օրենսգրքի 130.1 հոդվածով սահմանված պահանջները։
2. Վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով կայացված որոշումը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից։
3. Որոշման ներածական մասը պետք է պարունակի`
1) վերաքննիչ դատարանի լրիվ անվանումը, գործի համարը, որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրն ու վերաքննիչ դատարանի կազմը.
2) վճիռ կայացրած ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի անվանումը, վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, դատավորի անունը, ազգանունը.
3) գործին մասնակցող անձանց և նրանց ներկայացուցիչների անունները, ազգանունները (անվանումները), վերաքննիչ բողոք բերած անձի անունը, ազգանունը (անվանումը), վերաքննիչ բողոքի դեմ պատասխան ներկայացվելու դեպքում` նաև պատասխանը ներկայացրած անձի անունը, ազգանունը (անվանումը)։
4. Որոշման նկարագրական մասը պետք է պարունակի`
1) գործի դատավարական գործընթացի նկարագրությունը, վճռի հրապարակման օրը, ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի եզրափակիչ մասի հակիրճ բովանդակությունը.
2) գործը վերադաս դատարանից նոր քննության ուղարկված լինելու դեպքում` նաև համապատասխան դատավարական նախապատմությունը` նշելով վերադաս դատարանի սահմանած գործի նոր քննության ծավալը.
3) նշում` ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` առանձին ակտի ձևով ընդունած որոշումների մասին.
4) նշում` վերաքննիչ դատարանի` առանձին ակտի ձևով ընդունած որոշումների մասին.
5) վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները, վերաքննիչ բողոք ներկայացրած անձի պահանջը, վերաքննիչ բողոքի պատասխանի առկայության դեպքում` պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները:
5. Որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի`
1) գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, այդ թվում`
ա. այն փաստերը, որոնք հաստատվել են դատարանի կողմից և վերաքննիչ բողոքում չեն վիճարկվել,
բ. այն փաստերը, որոնք հաստատվել են դատարանի կողմից և վերաքննիչ բողոքում վիճարկվել են, սակայն վերաքննիչ դատարանը դրանց վերաբերյալ հանգել է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը սխալ թույլ չի տվել` պատճառաբանելով նման եզրակացությունը և հղում կատարելով ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի հետազոտած համապատասխան ապացույցներին,
գ. այն փաստերը, որոնք հաստատվել են դատարանի կողմից և վերաքննիչ բողոքում վիճարկվել են, և վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը սխալ է թույլ տվել` պատճառաբանելով նման եզրակացությունը և հղում կատարելով նման եզրակացության հիմքում ընկած ապացույցներին։ Նման դեպքերում վերաքննիչ դատարանը պետք է նշի, թե դատարանի հաստատած փաստի փոխարեն ինչ նոր փաստ է հաստատված համարում, կամ դատարանի հաստատած որ փաստը հաստատված չի համարվում` պատճառաբանելով նման եզրահանգումը և հղում կատարելով առաջին ատյանի դատարանի հետազոտած համապատասխան ապացույցներին,
դ. այն փաստերը, որոնք չեն հաստատվել առաջին ատյանի դատարանի կողմից, և այդ հանգամանքը վիճարկվել է վերաքննիչ բողոքում, և վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա դրանք համարել է հաստատված` հղում կատարելով վերաքննիչ բողոք բերած անձի համապատասխան դիրքորոշմանը և առաջին ատյանի դատարանի հետազոտած այն ապացույցներին, որոնք ընկած են փաստի հաստատման հիմքում,
ե. այն փաստերը, որոնք հաստատել է վերաքննիչ դատարանը.
2) եզրահանգում` բողոքի յուրաքանչյուր հիմքի հիմնավոր լինելու վերաբերյալ, մասնավորապես պատասխանելով հետևյալ հարցերին`
ա. արդյո՞ք հիմնավոր է վերաքննիչ բողոքի հիմքը` բողոքում տվյալ հիմքի վերաբերյալ նշված հիմնավորումների սահմաններում,
բ. եթե վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր չէ, ապա ի՞նչ հիմնավորմամբ` հղում կատարելով միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր չէ,
գ. եթե վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր է, ապա ի՞նչ հիմնավորմամբ` հղում կատարելով միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր է,
դ. բողոքը հիմնավոր լինելու դեպքում արդյո՞ք վերաքննիչ բողոքում նշված` դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա, թե՞ ոչ` պատճառաբանելով համապատասխան եզրահանգումը.
3) սույն օրենսգրքի 221 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված լիազորությունը կիրառելու դեպքում` գործի նոր քննության ծավալը կամ նշում այն մասին, որ գործը պետք է քննվի ամբողջ ծավալով.
4) սույն օրենսգրքի 221 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված լիազորությունը կիրառելու դեպքում` արդարադատության արդյունավետության շահի առկայության վերաբերյալ հիմնավորումները.
5) եզրահանգումներ` ապացուցման առարկայի մեջ մտնող փաստերի, անվիճելի փաստերի շրջանակի կամ ապացուցման պարտականության բաշխման վերաբերյալ, եթե վերաքննիչ դատարանը գտել է, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը սխալ է որոշել ապացուցման առարկան, սխալ է որոշել անվիճելի փաստերի շրջանակը կամ սխալ է բաշխել ապացուցման պարտականությունը.
6) գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ վերաքննիչ դատարանի դիրքորոշումը` վկայակոչելով համապատասխան իրավական նորմերը։
6. Որոշման եզրափակիչ մասը պետք է պարունակի`
1) վերաքննիչ բողոքն ամբողջությամբ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու կամ վերաքննիչ վարույթը կարճելու մասին դատարանի եզրակացությունը.
2) վերաքննիչ բողոքը բավարարելու դեպքում` համապատասխան դատավարական հետևանքը.
3) եզրահանգում` կիրառված հայցի ապահովման միջոցները պահպանելու կամ վերացնելու մասին.
4) եզրահանգում` գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ.
5) կատարում ենթադրող որոշում կայացնելու դեպքում նշում` որոշումը կամովին չկատարվելու դեպքում այն պարտապանի հաշվին դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով կատարելու մասին,
6) որոշման բողոքարկման ժամկետն ու այն վերադաս դատական ատյանը, որտեղ կարող է ներկայացվել բողոքը։
7. Վերաքննիչ դատարանի որոշումը ստորագրում և կնքում են որոշումը կայացրած դատավորները:
(220-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն, 10.06.14 ՀՕ-49-Ն)