Հոդված 31. Անպատշաճ կողմի փոխարինումը
Հոդված 31. Անպատշաճ կողմի փոխարինումը
1. Դատարանը, գործի նախապատրաստման կամ քննության ժամանակ, պարզելով, որ հայցը հարուցվել է ոչ այն անձի կողմից, որին պատկանում է պահանջի իրավունքը կամ ոչ այն անձի դեմ, ով պետք է պատասխանի այդ հայցով, կարող է հայցվորի համաձայնությամբ թույլ տալ, որ նա կամ պատասխանողը փոխարինվեն պատշաճ հայցվորով կամ պատասխանողով:
2. Եթե հայցվորը համաձայն չէ իրեն ուրիշ անձով փոխարինելուն, ապա այդ անձը կարող է գործին մասնակցել որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ:
3. Եթե հայցվորը համաձայն չէ պատասխանողին ուրիշ անձով փոխարինելուն, դատարանը կարող է այդ անձին մասնակից դարձնել որպես երկրորդ պատասխանող:
4. Անպատշաճ կողմին փոխարինելուց հետո գործի քննությունն սկսվում է սկզբից:
⚖Հոդված 32. Հայցի հիմքը կամ առարկան փոխելը, հայցային պահանջների չափը փոփոխելը, հայցից հրաժարվելը, հայցն ընդունելը
1. Եթե գործով քննությունն իրականացվում է դատաքննության նախապատրաստության փուլով, ապա հայցվորն իրավունք ունի փոխելու հայցի հիմքը և առարկան, ավելացնելու կամ նվազեցնելու հայցային պահանջների չափը մինչև առաջին ատյանի դատարանում գործով դատաքննության սկսվելը: Հայցվորը հայցից կարող է հրաժարվել առաջին ատյանի դատարանում մինչև դատաքննության ավարտը:
2. Պատասխանողն իրավունք ունի ամբողջովին կամ մասնակիորեն ընդունել հայցը:
(32-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)
⚖Հոդված 33. Կողմերի հաշտության համաձայնությունը
1. Կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:
2. Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:
3. Դատարանը, նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը, կողմերին պարզաբանում է դրա դատավարական հետևանքները:
4. Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Այդ դեպքերում դատարանը վեճը քննում է ըստ էության: