Հոդված 204.3. Ընդդատությունը
Հոդված 204.3. Ընդդատությունը
Վճարման կարգադրություն արձակելու գործն ընդդատյա է միայն պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի ընդհանուր իրավասության դատարանին:
(204.3 -րդ հոդվածը լրաց. 07.07.05 ՀՕ-154-Ն, 05.02.09 ՀՕ-44-Ն)
⚖Հոդված 204.4. Վճարման կարգադրություն արձակելու դիմումի մերժումը
1. Վճարման կարգադրություն արձակելու դիմումը մերժվում է այն մասով, որով՝
1) այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 204.1-204.3-րդ հոդվածների դրույթներին.
2) պահանջը առերևույթ հիմնավորված չէ, կամ
3) պահանջը հաստատող ապացույցները կասկածելի են:
2. Մերժումից առաջ դիմողը պետք է հնարավորություն ունենա արտահայտելու իր դիրքորոշումը, այդ թվում` հեռակա կարգով (ֆաքս, էլեկտրոնային փոստի միջոցներ և այլն): Դիրքորոշում չարտահայտելն արգելք չէ մերժման մասին որոշում կայացնելու համար: Մերժման մասին որոշումը ենթակա չէ բողոքարկման:
3. Մերժման մասին որոշումը խոչընդոտ չէ, որ հայցվորը հայցի ձևով ներկայացնի իր պահանջի մերժված մասը:
(204.4 -րդ հոդվածը լրաց. 07.07.05 ՀՕ-154-Ն)
⚖Հոդված 204.5. Դիմումի քննության ժամկետները
Դատավորը պարտավոր է դիմումը ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում, ձեռնարկել հետևյալ գործողություններից մեկը.
1) արձակել վճարման կարգադրություն.
2) ամբողջովին մերժել վճարման կարգադրություն արձակելու դիմումը.
3) մասամբ մերժել վճարման կարգադրություն արձակելու դիմումը՝ մյուս մասով արձակելով վճարման կարգադրություն:
(204.5 -րդ հոդվածը լրաց. 07.07.05 ՀՕ-154-Ն)