Հոդված 220.4. Դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը
Հոդված 220.4. Դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը
1. Դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով։
2. Դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`
1) դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով, այդ թվում՝ այնպիսի դատավորի կողմից, որը, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 91 հոդվածի համաձայն, պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել.
2) դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին.
3) դատական ակտը ստորագրված կամ կնքված չէ այն կայացրած դատավորի կամ դատավորների կողմից.
4) դատական ակտը կայացրել է (են) ոչ այն դատավորը (դատավորները), որը (որոնք) մտնում է (են) գործը քննող դատարանի կազմի մեջ.
5) գործից բացակայում է դատական նիստի կամ առանձին դատավարական գործողության կատարման արձանագրությունը.
6) գործը քննվել է ընդդատության կանոնների խախտմամբ.
7) դատական ակտը շոշափում է գործին մասնակից չդարձված անձանց իրավունքները և պարտականությունները.
8) առկա են սույն օրենսգրքի 103 հոդվածով սահմանված` հայցն առանց քննության թողնելու հիմքերը, կամ
9) առկա են սույն օրենսգրքի 109 հոդվածով սահմանված` գործի վարույթը կարճելու հիմքերը:
(220.4-րդ հոդվածը լրաց. 10.06.14 ՀՕ-49-Ն)
⚖Հոդված 221. Վերաքննիչ դատարանի լիազորությունները
1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`
1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վերաքննիչ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.
2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մնում է օրինական ուժի մեջ.
3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը.
4) մասնակիորեն բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.
5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:
2. Միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:
3. Գործի վարույթը կասեցնելու հիմքերի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը:
(221-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-98-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն, փոփ. 08.02.11 ՀՕ-37-Ն)