Հոդված 50. Ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելը և հետազոտելը
Հոդված 50. Ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելը և հետազոտելը
1. Ապացույցները դատարան բերելու անհնարինության կամ դժվարության դեպքում դատարանը կողմերի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ իրավունք ունի դրանք զննել և հետազոտել գտնվելու վայրում:
Դատարանն իրավունք ունի իր հայեցողությամբ մուտք գործել ցանկացած վայր:
2. Գործին մասնակցող անձինք ապացույցները զննելու և հետազոտելու մասին տեղեկացվում են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ: Նրանց չներկայանալն արգելք չէ ապացույցները զննելու և հետազոտելու համար:
3. Անհրաժեշտության դեպքում ապացույցների զննմանը և հետազոտմանը կարող են մասնակից դարձվել փորձագետներ և վկաներ:
⚖Հոդված 51. Ապացույցների թույլատրելիությունը և վերաբերելիությունը
1. Գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
2. Այն ապացույցները, որոնք անհրաժեշտ չեն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար, վերաբերելի չեն, և դատարանը հանում է ապացույցների կազմից:
(51-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)
⚖Հոդված 52. Ապացուցելուց ազատվելու հիմքերը
1. Հանրահայտ հանգամանքներն ապացուցման կարիք չունեն:
2. Նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:
3. Քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:
(52-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)
⚖Հոդված 53. Ապացույցների գնահատումը
1. Դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
2. Դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ սույն օրենսգրքի 52 հոդվածով նախատեսված դեպքերի:
⚖Հոդված 54. Գրավոր ապացույցները
1. Գրավոր ապացույցներ են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկություններ պարունակող ակտերը, պայմանագրերը, տեղեկանքները, գործարար թղթակցությունը, այլ փաստաթղթերը և նյութերը, այդ թվում` էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով կամ փաստաթղթերի իսկությունը հաստատելու հնարավորություն ընձեռող այլ եղանակով ստացված ապացույցները:
1.1 . Գրավոր ապացույց թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը արվում է այն փաստի մատնանշմամբ, որը կողմը ցանկանում է ապացուցել, և ապացույցի ներկայացմամբ:
2. Գրավոր փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով: Եթե քննվող գործին վերաբերում է փաստաթղթի միայն մեկ մասը, ներկայացվում է դրա պատշաճ վավերացված քաղվածքը:
Փաստաթղթերի բնօրինակները ներկայացվում են այն դեպքում, եթե գործի հանգամանքները, օրենքներին կամ այլ իրավական ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն նման փաստաթղթով, իսկ անհրաժեշտության դեպքում` դատարանի պահանջով:
(54-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն)