Հոդված 65. Ապացույցների ապահովումը
Հոդված 65. Ապացույցների ապահովումը
1. Անձինք, որոնք հիմքեր ունեն երկյուղելու, որ անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելը կարող է անհնարին կամ դժվարին դառնալ, իրավունք ունեն գործն իր վարույթն ընդունած դատարանին միջնորդություն ներկայացնել այդ ապացույցների ապահովման վերաբերյալ:
2. Ապացույցների ապահովման մասին միջնորդության մեջ պետք է նշվեն ապահովման կարիք ունեցող ապացույցները, այն հանգամանքները, որոնց հաստատման համար դրանք անհրաժեշտ են, և պատճառները, որոնք հիմք են ծառայել դրանք ապահովելու միջնորդությամբ դիմելու համար:
3. Միջնորդության քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:
4. Ապացույցների ապահովման մասին որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` պետական, ծառայողական, առևտրային, բանկային և այլ գաղտնիքների մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ:
5. Ապացույցի ապահովման մասին որոշումը կատարելուց հետո դատարանն այդ մասին անհապաղ տեղեկացնում է դատավարության այն մասնակցին, որին պատկանող ապացույցի նկատմամբ որոշում է ընդունվել, եթե վերջինս նախապես տեղյակ չի եղել այդ որոշմանը:
6. Նախքան դատարանում գործ հարուցվելը ապացույցների ապահովումը կատարում է նաև նոտարը` սույն օրենսգրքով և «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:
(65-րդ հոդվածը լրաց. 24.10.00 ՀՕ-101, 04.12.01 ՀՕ-273)
⚖Հոդված 66. Դատական հանձնարարությունները
1. Գործը քննող դատարանը` Հայաստանի Հանրապետության մեկ այլ մարզի տարածքում ապացույցներ ստանալու անհրաժեշտության դեպքում իրավունք ունի հանձնարարել համապատասխան դատարանին` կատարելու որոշակի դատավարական գործողություններ:
2. Դատական հանձնարարության մասին որոշման մեջ համառոտ շարադրվում է քննվող գործի էությունը, նշվում են պարզաբանման ենթակա հանգամանքները և այն ապացույցները, որոնք պետք է հավաքի հանձնարարություն կատարող դատարանը:
3. Դատական հանձնարարության մասին որոշումը պարտադիր է հանձնարարությունն ստացած դատարանի համար և պետք է կատարվի այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:
⚖Հոդված 67. Դատական հանձնարարությունը կատարելու կարգը
1. Դատական հանձնարարությունը կատարվում է դատական նիստում` սույն օրենսգրքով սահմանված կանոններով: Գործին մասնակցող անձինք պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ տեղեկացվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ նիստի անցկացման համար:
2. Դատական հանձնարարությունը կատարելու մասին կայացվում է որոշում, որը բոլոր նյութերի հետ միասին անհապաղ ուղարկվում է գործը քննող դատարան:
3. Հանձնարարությունը կատարող դատարանին ցուցմունքներ տված գործին մասնակցող անձինք կամ վկաները գործը քննող դատարանի նիստին մասնակցելիս ցուցմունքներ տալիս են ընդհանուր կարգով:
(67-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն)