Հոդված 50
Հոդված 50.
«ա» կետին է վերաբերում ուղիղ աղիքի III աստիճանի արտանկումը, երբ արտանկած աղիքն ինքնուրույն տեղը չի ընկնում և ձեռքով տեղը գցելը սակավ արդյունավետ է, հետանցքը խոր բացված է, սեղմամկանը (սֆինկտեր) թուլացած, կղանքն ու գազերը չեն պահվում, այսինքն՝ առկա է հետանցքի սեղմամկանի III աստիճանի անբավարարություն:
«բ» կետին է վերաբերում ուղիղ աղիքի II աստիճանի արտանկումը, երբ արտանկած աղիքը տեղն է ընկնում ինքնուրույն կամ ձեռքի օգնությամբ, հետանցքը ներքաշված է կամ մի քիչ կարծրացած, հեղուկ կղանքը չեն պահվում, այսինքն՝ առկա է սեղմամկանի I կամ II աստիճանի անբավարարություն:
Ուղիղ աղիքի I և II աստիճանի արտանկման դեպքում առաջարկվում է վիրահատություն: Հետանցքի շրջանում ուղիղ աղիքի վիրահատությունից հետո, համաձայն 34-րդ հոդվածի «դ» կետի` զինծառայողներին տրվում է ծառայողական պարտականություններից մասնակի ազատում կամ արձակուրդ հիվանդության պատճառով (վերականգնողական), զորակոչիկներին՝ տարկետում մինչև 6 ամիս: Զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշվում է ըստ բուժման արդյունքների: Հաջող վիրահատությունից հետո խոչընդոտ չէ զինվորական ծառայության համար: Հիվանդությունը կրկնվելու դեպքում եզրակացություն է կայացվում «բ» կետի համաձայն: