Հոդված 27. «ա» կետին են վերաբերում երրորդ փուլի զարկերակային հիպերտենզիայի դանդաղ զարգացող, ինչպես նաև արագընթաց (չարորակ) ձևերը:
Հոդված 27. «ա» կետին են վերաբերում երրորդ փուլի զարկերակային հիպերտենզիայի դանդաղ զարգացող, ինչպես նաև արագընթաց (չարորակ) ձևերը:
Ախտանշանային հիպերտենզիայով տառապող զինծառայողների փորձաքննության համար անհրաժեշտ է ղեկավարվել սույն Կարգի հոդվածներով՝ հիմք ընդունելով հիմնական հիվանդությունը, իսկ անարդյունք բուժման կամ բարդ ձևերի արմատական բուժման անհնարինության դեպքում՝ նաև սույն կետով։
Զարկերակային հիպերտենզիայի երրորդ փուլը բնութագրվում է զարկերակային ճնշման կայուն, բարձր մակարդակով (նվազագույնը՝ սնդիկի սյան 110մմ և ավելի, առավելագույնը՝ սնդիկի սյան 180մմ և ավելի): Այս ցուցանիշները կարող են նվազել սրտամկանի ինֆարկտ տարած անձանց մոտ: Կլինիկական պատկերում գերակշռում են անոթային ծանր խանգարումները՝ պայմանավորված սրտի, ուղեղի, երիկամների և աչքի հատակի ախտահարումով, որոնք հանգեցնում են օրգանների ու համակարգերի ֆունկցիայի չափավոր խանգարման, սակայն բարեհաջող բուժման դեպքում հնարավոր է լրիվ կամ մասնակի վերականգնել աշխատունակությունը:
«բ» կետին է վերաբերում երկրորդ փուլի զարկերակային հիպերտենզիան, որը բնորոշվում է զարկերակային ճնշման կայուն, բարձր մակարդակով (նվազագույնը՝ սնդիկի սյան 100-109մմ, առավելագույնը՝ սնդիկի սյան 160-179մմ) և առանց ախտածագումնաբանորեն հիմնավորված բուժման չի կարգավորվում: Զարկերակային հիպերտենզիայի երկրորդ փուլին հատուկ է սրտամկանի գերաճը՝ գերբեռնվածության, հիպոքսիայի կամ իշեմիայի նշաններով: Այն հաստատվում է ինչպես կլինիկական, այնպես էլ գործիքային հետազոտությունների ու չափավոր ծանրաբեռնվածության փորձերի միջոցով:
Զարկերակային հիպերտենզիայի երկրորդ փուլին բնորոշ են նաև ուղեղի արյան շրջանառության, դինամիկ խանգարումներն անցողիկ (շարժողական, զգացողական, խոսքի, ուղեղիկային, լսողական և այլ բնույթի) դրսևորումներով: Օրգանների ու համակարգերի ֆունկցիան չափավոր խանգարված է, աշխատունակությունը նվազած, սակայն հաջող բուժման դեպքում կարող է լրիվ կամ մասնակի վերականգնվել:
III սյունակով փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է՝ նկատի ունենալով հիվանդության արտահայտվածությունը, տարիքը, ծառայության բնույթը, ծառայողական և բժշկական բնութագրերի տվյալները:
«գ» կետին է վերաբերում ստացիոնար հետազոտման ժամանակ բացահայտված զարկերակային հիպերտենզիայի առաջին փուլը, որը բնորոշվում է որևէ գրգռիչի ազդեցությամբ զարկերակային ճնշման կայուն բարձրացումով (նվազագույնը՝ սնդիկի սյան 90-ից 99մմ, առավելագույնը՝ սնդիկի սյան 140-ից 159մմ): Կլինիկական պատկերում սովորաբար բացակայում են գլխուղեղի, երիկամների օրգանական փոփոխությունները, առկա է աչքերի հատակի զարկերակների չափավոր նեղացում և երակների լայնացում, սրտամկանի գերաճի նշաններ։
I սյունակով փորձաքննվողների զարկերակային հիպերտենզիայի դեպքում կատարվում է տարբերակված ախտորոշում՝ ախտանշանային հիպերտենզիան ժխտելու համար: Ախտանշանային հիպերտենզիայով տառապող անձինք փորձաքննվում են ըստ հիմնական հիվանդության:
«դ» կետին են վերաբերում ստացիոնար հետազոտման ժամանակ ի հայտ եկած զարկերակային ճնշման ժամանակավոր բարձրացումը (դիաստոլիկը՝ սնդիկի սյան մինչև 90մմ, սիստոլիկը` սնդիկի սյան կայուն մինչև 140մմ կամ եզակի, ոչ կայուն սիստոլիկ ճնշման տատանումները մինչև 150մմ): Կլինիկական պատկերում բացակայում են սրտի, գլխուղեղի, երիկամների օրգանական փոփոխությունները, ինչպես նաև աչքի հատակի փոփոխությունները:
Սահմանային զարկերակային հիպերտենզիայի ժամանակ զինակոչիկները փորձաքննվում են 28-րդ հոդվածի «ա» կետով, ժամկետային զինծառայողները` 27-րդ հոդվածի «դ» կամ «գ» կետով` հաշվի առնելով բուժման արդյունքները և բնութագրերը` ծառայության վայրից: