Հոդված 1. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 1. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական գործերով վարույթի կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով:
Այլ օրենքներում պարունակվող քրեական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն սույն օրենսգրքին:
2. Քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված վարույթի կարգը պարտադիր է դատարանների, հետաքննության, նախաքննության և դատախազության մարմինների, ինչպես նաև դատավարության մասնակիցների համար:
(1-ին հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-211-Ն)
⚖Հոդված 2. ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
1. Քրեական դատավարությունն իրականացվում է` ապահովելու համար`
1) անձի, հասարակության և պետության պաշտպանությունը հանցագործությունից.
2) անձի և հասարակության պաշտպանությունը պետական իշխանության ինքնիրավ գործողություններից և չարաշահումներից` կապված իրական կամ ենթադրվող հանցավոր արարքի հետ:
2. Քրեական դատավարություն իրականացնող մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի իրենց գործունեության արդյունքում`
1) քրեական օրենսգրքերով չթույլատրված արարք կատարած յուրաքանչյուր ոք բացահայտվի և քրեական օրենքով նախատեսված դեպքերում և սույն օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվի.
2) ոչ մի անմեղ անձ հանցանքի կատարման մեջ չկասկածվի, չմեղադրվի և չդատապարտվի.
3) ոչ ոք անօրինական կամ առանց անհրաժեշտության չենթարկվի դատավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների և ազատությունների այլ սահմանափակման:
(2-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)