Հոդված 375.12. Համագործակցության վարույթով իրականացվող նախաքննությունը
Հոդված 375.12. Համագործակցության վարույթով իրականացվող նախաքննությունը
1. Համագործակցության վարույթով նախաքննությունն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով՝ հաշվի առնելով սույն գլխով նախատեսված կանոնները:
2. Համագործակցության համաձայնագիր կազմելուց հետո տվյալ մեղադրյալի վերաբերյալ վարույթն անջատվում է: Անջատված վարույթի նյութերին պարտադիր կցվում են համագործակցության միջնորդությունը, դրա վերաբերյալ քննիչի կարծիքը, միջնորդությունը բավարարելու մասին հսկող դատախազի որոշումը, ինչպես նաև համագործակցության համաձայնագիրը:
3. Մեղադրյալի, նրա մերձավոր ազգականի կամ մեղադրյալի հետ կապված այլ անձի անվտանգության սպառնալիքի առկայության դեպքում քննիչը որոշում է կայացնում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը կնքված փակ ծրարում պահելու, ինչպես նաև համապատասխան անձի նկատմամբ սույն օրենսգրքով նախատեսված պաշտպանության միջոցներ ձեռնարկելու մասին:
4. Նախաքննության ավարտից հետո քննիչը, սույն օրենսգրքի 272-րդ հոդվածով սահմանված կարգով, քրեական գործը հանձնում է հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և մեղադրյալի նկատմամբ դատաքննության հատուկ կարգ կիրառելու միջնորդություն կազմելու համար: