Հոդված 3. ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Հոդված 3. ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎՐԱ
1. Հայաստանի Հանրապետության տարածքում, անկախ հանցանքի կատարման վայրից, քրեական գործերով վարույթն իրականացվում է սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ:
2. Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս` Հայաստանի Հանրապետության դրոշի տակ օրինական կարգով գտնվող կամ Հայաստանի Հանրապետության տարբերանշանը կրող, Հայաստանի Հանրապետության օդանավակայանում կամ նավահանգստում գրանցված օդային, ծովային կամ գետային նավի վրա կատարված հանցանքների վարույթը տարվում է սույն օրենսգրքի նորմերով:
3. Այլ պետության դատարանների կամ քրեական հետապնդման մարմինների միջնորդությամբ առանձին քննչական կամ դատական գործողություններ կատարելիս կարող է կիրառվել օտարերկրյա պետության քրեական դատավարական օրենսդրությունը, եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
⚖Հոդված 4. ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ
1. Քրեական գործերով վարույթը կարգավորվում է քրեական դատավարական այն օրենքով, որը գործում է համապատասխանաբար հետաքննության, նախաքննության կամ գործը դատարանում քննելու ժամանակ:
2. Դատավարության մասնակիցների իրավունքները վերացնող կամ սահմանափակող, ինչպես նաև նրանց վիճակն այլ կերպ վատթարացնող քրեական դատավարական օրենքը հետադարձ ուժ չունի և չի տարածվում մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելն սկսված վարույթի վրա:
3. Ապացույցների թույլատրելիությունը որոշվում է դրանց ստացման պահին գործող օրենքին համապատասխան: