Հոդված 277. ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆ ՈՒՂԱՐԿԵԼԸ
Հոդված 277. ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆ ՈՒՂԱՐԿԵԼԸ
1. Հաստատելով մեղադրական եզրակացությունը` դատախազը գործն ուղարկում է այն դատարան, որին գործն ընդդատյա է: Համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ առարկելու դեպքում դատախազը մեղադրական եզրակացությունը հաստատելու հետ միաժամանակ նշում է նաև այդ մասին: Համագործակցության վարույթի դեպքում դատախազը գործը դատարան ուղարկելիս հարուցում է միջնորդություն համագործակցության վարույթով դատաքննության հատուկ կարգ կիրառելու մասին։
2. Գործը դատարան ուղարկելու մասին դատախազն անմիջապես տեղեկացնում է մեղադրյալին և պաշտպանին, տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին և նրանց ներկայացուցիչներին` պարզաբանելով, որ հետագայում նրանք իրավունք ունեն իրենց դիմումները և միջնորդություններն ուղարկել դատարան:
3. Միաժամանակ, դատախազը մեղադրյալին, իսկ միջնորդության դեպքում նաև պաշտպանին, տուժողին և դատավարության այլ պատշաճ մասնակիցներին ստորագրությամբ հանձնում է մեղադրական եզրակացության և դրան կցված հավելվածների հաստատված պատճենները: Եթե մեղադրական եզրակացության մեջ կամ դրան կցված հավելվածներում կատարվել են փոփոխություններ, ապա մեղադրական եզրակացությունը ներկայացվում է միայն վերջին խմբագրությամբ: Եթե դատախազի որոշմամբ մեղադրական եզրակացությունը փոփոխվել է, ապա ներկայացվում է նաև դատախազի համապատասխան որոշման պատճենը:
4. Քրեական դատավարության լեզվին չտիրապետող մեղադրյալին և պաշտպանին հանձնվում են թարգմանչի կողմից ստորագրված մեղադրական եզրակացության և դրան կցված հավելվածների հաստատված թարգմանությունները:
(277-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն, փոփ., լրաց. 05.05.21 ՀՕ-200-Ն)
(05.05.21 ՀՕ-200-Ն օրենքն ունի անցումային դրույթ)