Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-02-25-ից մինչև 2022-06-18։Բացել գործող տեքստը
ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 54.1 · ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

Հոդված 499.4. Փոխադարձության հիման վրա իրավական օգնության հարցերով օտարերկրյա իրավասու մարմիններ դիմելու և դրա առնչությամբ ստացված նյութերի օգտագործման կարգը

գործել է մինչև 2022-06-18Բացել ARLIS-ում

Հոդված 499.4. Փոխադարձության հիման վրա իրավական օգնության հարցերով օտարերկրյա իրավասու մարմիններ դիմելու և դրա առնչությամբ ստացված նյութերի օգտագործման կարգը

1. Փոխադարձության հիման վրա իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ խնդրանքը կազմելիս և օտարերկրյա պետության իրավասու մարմին ուղարկելիս Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը պահպանում են խնդրանքի ձևի և դրա ներկայացման վերաբերյալ տվյալ օտարերկրյա պետության օրենքով նախատեսված պահանջները, իսկ օտարերկրյա պետության օրենքի բացակայության դեպքում խնդրանքը կազմվում և օտարերկրյա պետության իրավասու մարմին է ուղարկվում սույն օրենսգրքի 483-րդ և 489-րդ հոդվածներով սահմանված ձևին և կարգին համապատասխան։

2. Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի խնդրանքը տվյալ օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից կատարվելու ընթացքում լրացուցիչ փաստաթղթերի, նյութերի, այդ թվում՝ ապացույցների, առարկաների տրամադրումը Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի կողմից իրականացվում է օտարերկրյա պետության համապատասխան մարմնի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին և սույն գլխի դրույթներին համապատասխան։

3. Օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից խնդրանքի կատարման կապակցությամբ ստացված փաստաթղթերը, առարկաները, նյութերը, այդ թվում՝ ապացույցները, Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը օգտագործում են սույն օրենսգրքին համապատասխան։

Եթե օտարերկրյա պետության իրավասու մարմինը խնդրել է իր տրամադրած փաստաթղթերը, նյութերը կամ առարկաները վերադարձնել, ապա դա իրականացվում է նրա հետ ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան:

4. Եթե փոխադարձության հիման վրա իրավական օգնության արդյունքում տեղի է ունեցել հանցագործություն կատարած անձի հանձնում Հայաստանի Հանրապետությանը, ապա այդ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում կամ տվյալ օտարերկրյա պետությունում հարուցված հետապնդումը շարունակում են սույն օրենսգրքով իրավասու Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը՝ այդ անձի նկատմամբ իրականացնելով սույն օրենսգրքից բխող համապատասխան դատավարական գործողություններ։

Եթե օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից անձի հանձնումը պայմանավորված է նրա վերադարձումով այդ պետության տարածք, ապա դա իրականացվում է փոխադարձ պայմանավորվածությանը համապատասխան։

Ընդ որում, եթե հանձնումը պայմանավորված է անձին կալանքի տակ պահելու հանգամանքով, ապա նա Հայաստանի Հանրապետությունում սույն օրենսգրքով սահմանված կարգով կալանքի տակ կարող է պահվել այն ժամկետով, որի ընթացքում այդ անձը ենթակա է վերադարձման տվյալ օտարերկրյա պետության տարածք։ Այդ ժամկետը չի կարող գերազանցել նախնական կալանքի տակ պահելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները։

5. Օտարերկրյա պետության իրավասու մարմնի խնդրանքով նրա կողմից վարվող քրեական գործով անհրաժեշտ տեղեկություններ տրամադրելիս, անձանց հանձնելիս, հանցագործության գործիքներ կամ իրեր փոխանցելիս Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը օտարերկրյա պետության իրավասու մարմնի ուշադրությունը պետք է հրավիրեն համապատասխան գործողություններն իրենց կողմից կատարվելու վերաբերյալ սույն գլխի համապատասխան կանոնների վրա։

(499.4 -րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։