Հոդված 179. ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ
Հոդված 179. ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ
1. Լրատվության միջոցների հաղորդումներ են հանդիսանում կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների մասին հաղորդումները մամուլում, ռադիոյով, հեռուստատեսությամբ, ինչպես նաև լրատվության միջոցներին հասցեագրված և չհրապարակված հաղորդակցություններում:
2. Հանցագործությունների մասին հաղորդումներ հրապարակած կամ ըստ պատկանելության ուղարկած լրատվության միջոցները, ինչպես նաև այդ հաղորդումների հեղինակները պարտավոր են հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի պահանջով ներկայացնել հանցագործության մասին հաղորդումը հաստատող` իրենց մոտ եղած նյութերը:
⚖Հոդված 180. ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:
2. Նշված ժամկետում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր, ինչպես նաև կարող է կատարվել դեպքի վայրի զննություն, հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման և անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցվել նմուշներ, նշանակվել փորձաքննություն։
3. Այն դեպքում, երբ անհրաժեշտ է ստանալ նշանակված փորձաքննության եզրակացությունը և առանց այդ փորձաքննության եզրակացությունը ստանալու հնարավոր չէ լուծել հանցագործության մասին հաղորդման կապակցությամբ քրեական գործ հարուցելու կամ քրեական գործ հարուցելը մերժելու հարցը, ապա հետաքննության մարմնի կամ քննիչի պատճառաբանված միջնորդության հիման վրա սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը հսկող դատախազի որոշմամբ կարող է երկարացվել ևս մինչև 20 օր ժամկետով: Երկարացված ժամկետի ընթացքում այլ դատավարական գործողություններ կատարվել չեն կարող, բացառությամբ այնպիսի գործողությունների, որոնք ուղղված են փորձագետի գրավոր միջնորդության բավարարմանը, առանց որոնց հնարավոր չէ փորձաքննություն կատարելը կամ պատշաճ փորձաքննություն իրականացնելը:
4. Հետաքննության մարմինը կամ քննիչը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը, ինչպես նաև նյութերը հսկող դատախազին ներկայացնել այդ ժամկետը լրանալու օրվանից առնվազն երկու օր առաջ: Միջնորդությունը մերժելու կամ մասնակի բավարարելու դեպքում դատախազը կայացնում է պատճառաբանված որոշում: Ընդ որում, միջնորդությունը մերժելու մասին որոշման հետ միաժամանակ դատախազը հետաքննության մարմնին կամ քննիչին գրավոր ցուցում է տալիս քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
5. Եթե հետաքննության մարմնի կամ քննիչի միջնորդությունը ստանալու պահից երկօրյա ժամկետում հսկող դատախազն այդ միջնորդության կապակցությամբ որևէ որոշում չի կայացնում, ապա այն համարվում է բավարարված:
(180-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց. 06.12.16 ՀՕ-214-Ն)
⚖Հոդված 181. ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`
1) քրեական գործ հարուցելու մասին.
2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին.
3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին:
⚖Հոդված 182. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Քրեական գործ հարուցելու առիթի և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելու մասին:
2. Որոշման մեջ պետք է նշվեն գործ հարուցելու առիթն ու հիմքը, քրեական օրենքի այն հոդվածը, որի հատկանիշներով հարուցվում է գործը, հարուցելուց հետո գործի հետագա ընթացքը:
3. Եթե այդ պահին հայտնի է հանցագործությունից տուժած անձը, քրեական գործ հարուցելու հետ միաժամանակ այդ անձը ճանաչվում է տուժող, իսկ եթե հանցագործության մասին հաղորդման հետ միաժամանակ ներկայացված է քաղաքացիական հայց, այդ անձը նույն որոշմամբ ճանաչվում է նաև քաղաքացիական հայցվոր:
4. Քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճենն ուղարկվում է հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին:
5. Քրեական գործ հարուցելու հետ միաժամանակ պետք է միջոցառումներ ձեռնարկվեն հանցագործությունը խափանելու և կանխելու, ինչպես նաև հանցագործության հետքերը, այն առարկաները և փաստաթղթերը պահելու և պահպանելու ուղղությամբ, որոնք գործի համար կարող են նշանակություն ունենալ:
⚖Հոդված 183. ՏՈՒԺՈՂԻ ԲՈՂՈՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՐՈՒՑՎՈՂ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով, 114-րդ հոդվածի 1-ին մասով, 115-րդ հոդվածի 1-ին մասով, 116-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ հոդվածով, 118-րդ հոդվածով, 120-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 121-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 124-րդ հոդվածի 1-ին մասով, 128-րդ հոդվածի 1-ին մասով, 137-րդ հոդվածի 1-ին մասով, 137.1-ին հոդվածի 1-ին մասով, 158-րդ հոդվածի 1-ին մասով, 174-րդ հոդվածով, 177-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 1-ին մասով, 181-րդ հոդվածի 1-ին մասով, 183-րդ հոդվածի 1-ին մասով, 184-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 1-ին մասով, 186-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 197-րդ հոդվածով, 213-րդ հոդվածի 1-ին մասով, 242-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, և կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման: Հաշտությունը թույլատրվում է մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը։
2. (մասն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-93-Ն)
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգից շեղումներ կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։
4. Անկախ տուժողի կողմից բողոք ներկայացնելուց` դատախազն իրավասու է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններով հարուցելու քրեական գործ ընտանիքում բռնության դեպքերում, եթե անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը: Այս դեպքում քրեական գործը հարուցվում և քննվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով, և տուժողի ու մեղադրյալի հաշտության դեպքում քրեական հետապնդումը չի դադարեցվում:
(183-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն, խմբ., փոփ. 21.02.07 ՀՕ-93-Ն, փոփ. 18.05.10 ՀՕ-99-Ն, 23.05.11 ՀՕ-145-Ն, 09.06.15 ՀՕ-70-Ն, լրաց. 13.12.17 ՀՕ-325-Ն, 30.07.21 ՀՕ-324-Ն)
⚖Հոդված 184. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆՅՈՒԹԵՐՈՎ ՆՈՐ ԳՈՐԾԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ
1. Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը իրենց վարույթում գտնվող քրեական գործի նյութերով կայացնում են որոշում նոր գործ հարուցելու և այն առանձին վարույթում առանձնացնելու մասին, իսկ դատարանը նման որոշում կայացնելու միջնորդությամբ դիմում է դատախազին, եթե մեղադրյալին վերագրվող հանցագործություններից բացի բացահայտված է առաջինի հետ չկապված այլ հանցագործություն, որը կատարել է այլ անձ` առանց մեղադրյալի մասնակցության:
2. Որոշման մեջ պետք է նշվեն` գործի հարուցման և անջատման հիմքերը, դրվագները և անձինք, քրեական օրենքի այն հոդվածը, հոդվածի մասը կամ կետը, որի հատկանիշներով գործ է հարուցված և անջատված է առանձին վարույթում, անջատված գործը նախաքննության ուղարկելու կամ գործն իր վարույթն ընդունելու մասին որոշումը:
3. Որոշման մեջ ընդգրկվում կամ պատճեններով կամ բնօրինակներով նրան կցվում է անջատվող նյութերի` որոշումների, արձանագրությունների, փաստաթղթերի, իրեղեն ապացույցների ցանկը:
4. Որոշման և անջատվող նյութերի` նրան կցվող ցանկի առաջին օրինակն ընդգրկվում է սկզբնական գործի, իսկ երկրորդ օրինակը` անջատվող գործի մեջ:
5. Նոր գործի անջատման և հետագա ընթացքի մասին տեղյակ է պահվում մեղադրյալին, նրա օրինական ներկայացուցչին և պաշտպանին, ինչպես նաև տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին և նրանց ներկայացուցիչներին, որոնք մասնակցել են սկզբնական գործի վարույթին:
(184-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
⚖Հոդված 185. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ ՄԵՐԺԵԼԸ
1. Քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկվում է համապատասխան դատախազին։
2. Որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին:
3. Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով որոշման պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում:
4. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա վերադաս դատախազը այն ստանալու պահից 7 օրվա ընթացքում վերացնում է բողոքարկվող որոշումը, հարուցում է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար այն ուղարկում է քննիչին կամ հաստատում է քրեական գործ հարուցելը մերժելու օրինականությունը:
5. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն: Բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը:
(185-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն, փոփ. 22.02.07 ՀՕ-129-Ն)