Հոդված 209.1. Տեսակապի միջոցով վկայի և տուժողի հարցաքննության առանձնահատկությունները
Հոդված 209.1. Տեսակապի միջոցով վկայի և տուժողի հարցաքննության առանձնահատկությունները
1. Տեսակապի միջոցով վկայի և տուժողի հարցաքննությունը կարող է կատարվել, եթե՝
1) վկան և տուժողն առողջական վիճակի կամ տարիքի պատճառով չեն կարող ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմին.
2) անհրաժեշտ է ապահովել վկայի և տուժողի անվտանգությունը.
3) հարցաքննության կատարումն անհնարին է, կամ անհրաժեշտ է ապահովել նախաքննության արդյունավետությունը:
2. Տեսակապի միջոցով վկայի և տուժողի հարցաքննությունը կատարվում է քննիչի հանձնարարության հիման վրա, որն ուղարկվում է հարցաքննության ենթակա վկայի և տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմին՝ սույն օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:
3. Հանձնարարության հիման վրա վկայի և տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմինը կատարում է անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ տեսակապի միջոցով վկայի և տուժողի հարցաքննության անցկացումն ապահովելու նպատակով:
4. Տեսակապի միջոցով վկայի և տուժողի հարցաքննությունը կատարվում է սույն օրենսգրքի 206-րդ և 208-րդ հոդվածներով սահմանված կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված առանձնահատկությունները, իսկ անչափահաս վկայի և տուժողի հարցաքննության դեպքում՝ հաշվի առնելով նաև սույն օրենսգրքի 207-րդ հոդվածով սահմանված պահանջները: Հարցաքննությունից առաջ վկայի և տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմինն ստուգում և հաստատում է վկայի և տուժողի ինքնությունը, իսկ գործով վարույթն իրականացնող քննիչը կատարում է հարցաքննությունը: Հարցաքննության կատարման ընթացքում վկայի և տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմնի աշխատակցի ներկայությունը պարտադիր է:
5. Տեսակապի միջոցով վկայի և տուժողի հարցաքննության ընթացքը և արդյունքները տեսաձայնագրառվում են տեխնիկական միջոցներով՝ սույն օրենսգրքի 29-րդ հոդվածի կանոններին համապատասխան:
6. Տեխնիկական միջոցների կիրառմամբ՝ տեսակապի միջոցով վկայի և տուժողի հարցաքննության ընթացքում պետք է ապահովվեն պատկերի և ձայնի պատշաճ որակը, ինչպես նաև տեղեկատվական անվտանգությունը:
7. Տեսակապի միջոցով հարցաքննության արձանագրությունը կազմվում է սույն օրենսգրքի 29-րդ և 209-րդ հոդվածներով սահմանված կանոնների պահպանմամբ` հաշվի առնելով սույն հոդվածով շարադրված առանձնահատկությունները: Հարցաքննության արձանագրությունը կազմում է վկայի և տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմինը՝ նշում կատարելով այդ մասին և ստորագրելով:
8. Հարցաքննության արձանագրությունը, վկայի և տուժողի ներկայացրած նյութերը, փաստաբանի արտոնագիրը, եթե վկան և տուժողը հարցաքննության են ներկայացել փաստաբանի հետ, վկայի և տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմինն ուղարկում է գործով վարույթն իրականացնող քննիչին:
9. Գործով վարույթն իրականացնող քննիչը, ստանալով տեսակապի միջոցով վկայի և տուժողի հարցաքննության արձանագրությունը՝ կից նյութերով, և ստուգելով դրանք, ստորագրում է հարցաքննության արձանագրությունը:
(209.1-ին հոդվածը լրաց. 03.06.20 ՀՕ-301-Ն)