Հոդված 483. Փոխադարձության կարգով իրավական օգնության մասին խնդրանքի բովանդակությունը
Հոդված 483. Փոխադարձության կարգով իրավական օգնության մասին խնդրանքի բովանդակությունը
1. Փոխադարձության կարգով օտարերկրյա պետության իրավասու մարմնին հասցեագրվող առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին հանձնարարությունը, հարցումը կամ խնդրանքը (այսուհետ՝ խնդրանք) պետք է կազմվեն գրավոր, ստորագրված լինեն ուղարկող պաշտոնատար անձի կողմից և հաստատված՝ Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազության, հետաքննության մարմնի պաշտոնական կնիքով։
2. Դատավարական գործողություններ կատարելու մասին իրավական օգնության վերաբերյալ խնդրանքը պետք է պարունակի՝
1) խնդրանքն ուղարկող Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի անվանումը (անունը).
2) օտարերկրյա պետության այն մարմնի անվանումը, որին ուղարկվում է խնդրանքը.
3) գործի անվանումը և խնդրանքի բնույթը.
4) տվյալներ այն անձանց մասին, որոնց կապակցությամբ ուղարկվում է խնդրանքը. անունը, հայրանունը և ազգանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը (հասցեն), քաղաքացիությունը, զբաղմունքի տեսակը, բնակության կամ գտնվելու վայրը, իրավաբանական անձանց համար՝ անվանումը և գտնվելու վայրը (հասցեն).
5) բացահայտման ենթակա հանգամանքների շարադրանքը, ինչպես նաև այն փաստաթղթերի, իրեղեն և այլ ապացույցների ցանկը, որոնք ակնկալվում է ստանալ խնդրանքը կատարողից.
6) տեղեկություններ՝ կատարված հանցանքի փաստական հանգամանքների, դրա որակման մասին, անհրաժեշտության դեպքում՝ տվյալ հանցագործությամբ պատճառված վնասի բնույթի և չափի մասին, ինչպես նաև խնդրանքն ուղարկողի մոտ առկա այլ տեղեկություններ, որոնք կարող են նպաստել խնդրանքի արդյունավետ կատարմանը։
(483-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն)