Հոդված 119. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՎԱՐՈՒՅԹՆ ԱՎԱՐՏԵԼԻՍ ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Հոդված 119. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՎԱՐՈՒՅԹՆ ԱՎԱՐՏԵԼԻՍ ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
1. Դատարանի դատավճռում, ինչպես նաև քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման մեջ իրեղեն ապացույցների հարցի լուծումը կատարվում է հետևյալ կանոնների պահպանմամբ`
1) հանցագործության գործիքները, ինչպես նաև շրջանառությունից հանված առարկաները բռնագրավվում և հանձնվում են համապատասխան պետական հիմնարկներին, իսկ արժեք չներկայացնելու դեպքում` ոչնչացվում են.
2) արժեք չներկայացնող իրերը ոչնչացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ շահագրգռված անձանց միջնորդության դեպքում` կարող են հանձնվել նրանց.
3) դրամը, այլ արժեքները և մյուս առարկաները, որոնք օրինական տիրապետումից դուրս են եկել հանցագործության կամ օրենքով չթույլատրված այլ գործողությունների հետևանքով, հանձնվում են տիրապետողին, սեփականատիրոջը կամ նրանց իրավահաջորդներին.
4) հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամը, այլ արժեքները և մյուս առարկաները դատարանի դատավճռով ուղղվում են դատական ծախսերի հատուցմանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը, իսկ եթե հայտնի չէ վնաս կրած անձը, որպես եկամուտ` հանձնվում են պետությանը.
5) իրեղեն ապացույց հանդիսացող փաստաթղթերը պահվում են գործի հետ միասին` վերջինիս պահելու ամբողջ ժամանակամիջոցում, կամ հանձնվում են շահագրգիռ կազմակերպություններին և քաղաքացիներին:
2. Համաձայնեցման և համագործակցության վարույթների կիրառման դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կանոնները կիրառելի են, եթե համաձայնության արձանագրությամբ կամ մինչդատական համագործակցության վերաբերյալ համաձայնագրով այլ բան նախատեսված չէ:
(119-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց. 05.05.21 ՀՕ-200-Ն)
(05.05.21 ՀՕ-200-Ն օրենքն ունի անցումային դրույթ)