Հոդված 336. ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 336. ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Նախագահողն ամբաստանյալին առաջարկում է ցուցմունք տալ նրան առաջադրված մեղադրանքի և գործի այլ հանգամանքների մասին: Ամբաստանյալին պարզաբանվում է, որ նա իրավունք ունի ցուցմունքներ չտալ, և դա չի կարող մեկնաբանվել ի վնաս նրա:
2. Ամբաստանյալի կողմից ցուցմունքներ տալուց հետո նրան սկզբից հարցաքննում է իր պաշտպանը, մյուս ամբաստանյալները և նրանց պաշտպանները, քաղաքացիական պատասխանողը և նրա ներկայացուցիչը, իսկ հետո` մեղադրողը, տուժողը, քաղաքացիական հայցվորը և նրա ներկայացուցիչը:
3. Դատավորն ամբաստանյալին հարցեր է տալիս սույն հոդվածի երկրորդ մասում նշված անձանց կողմից նրան հարցաքննելուց հետո: Ամբաստանյալին վերջում հարցեր տալու իրավունքը, բոլոր դեպքերում վերապահված է իր պաշտպանին:
4. Նախագահողը հանում է այն հարցերը, որոնք չեն առնչվում գործին:
5. Ամբաստանյալը նախագահողի թույլտվությամբ իրավունք ունի ապացույցներից յուրաքանչյուրը հետազոտելիս ցանկացած պահի տալ ցուցմունքներ:
6. Հարցաքննվելիս ամբաստանյալն իրավունք ունի օգտվել նշումներից, փաստաթղթերից:
7. Ամբաստանյալի կողմից իր ցուցմունքներին վերաբերող նշումները և փաստաթղթերը կարդալուց հետո փաստաթղթերը դատարանի պահանջով, իսկ նշումները` ամբաստանյալի ցանկությամբ ներկայացվում են դատարան` գործին կցելու համար:
8. Ամբաստանյալին հարցաքննելիս կողմերը և դատարանը կարող են ներկայացնել գործին կցված կամ կողմի մոտ եղած առարկաներ կամ փաստաթղթեր: Կողմերն իրավունք ունեն միջնորդություններ անել այդ փաստաթղթերը հրապարակելու և գործին կցելու մասին: Կողմերը և դատարանն իրավունք ունեն ամբաստանյալին տալ հարցեր, որոնք կապված են նրան ներկայացված առարկաների և փաստաթղթերի հետ: Դատական նիստի արձանագրության մեջ պետք է նշվի, թե ամբաստանյալին հարցաքննելիս ինչպիսի առարկաներ, փաստաթղթեր են ներկայացվել և ում կողմից:
9. Բացառիկ դեպքերում, երբ դա անհրաժեշտ է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, դատարանի պատճառաբանված որոշմամբ ամբաստանյալը կարող է հարցաքննվել մյուս ամբաստանյալի բացակայությամբ: Դատական դահլիճ ամբաստանյալի վերադառնալուց հետո նրա համար ընթերցվում են դատական նիստի արձանագրության մեջ ընդգրկված, նրա բացակայությամբ հարցաքննված ամբաստանյալի ցուցմունքները և նրան հնարավորություն է ընձեռվում անհրաժեշտ ցուցմունքներ և հարցեր տալ իր բացակայությամբ հարցաքննված ամբաստանյալին: