Հոդված 206. Վերահսկողության իրականացման և պատասխանատվության միջոցներ կիրառելու իրավասության ընդհանուր հիմքերը
Հոդված 206. Վերահսկողության իրականացման և պատասխանատվության միջոցներ կիրառելու իրավասության ընդհանուր հիմքերը
1. Սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված և արժեթղթերի շուկան կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը:
2. Կենտրոնական բանկն իր իրավասության շրջանակներում վերահսկում է Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, Հայաստանի Հանրապետության տարածքում արժեթղթերի հրապարակային առաջարկ անող անձանց, հաշվետու թողարկողներին, կարգավորվող շուկայի օպերատոր հանդիսացող անձանց, Կենտրոնական դեպոզիտարիային, ինչպես նաև դրանց տնօրեններին և այլ ղեկավարներին, նրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց, նշանակալից մասնակցություն ունեցող անձանց, ինչպես նաև արժեթղթերի շուկայում կատարվող խոշոր գործարքներում ուղղակիորեն և անուղղակիորեն ներգրավված անձանց:
3. Կենտրոնական բանկն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրավասու է սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց նկատմամբ կիրառելու պատասխանատվության միջոցներ:
4. Վերահսկողության իր իրավասությունը Կենտրոնական բանկն իրականացնում է հեռակա վերահսկողության և ստուգումների միջոցով:
5. Կենտրոնական բանկը հեռակա վերահսկողությունը և ստուգումներն իրականացնում է սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով և պայմաններով:
6. Սույն գլխի դրույթները չեն տարածվում ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց ղեկավարների և դրանց կազմում կամ անունից գործող Կենտրոնական բանկի կողմից որակավորման ենթակա անձանց նկատմամբ: Սույն մասով նախատեսված անձանց վերահսկողության և պատասխանատվության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(206-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-271-Ն)