Հոդված 174. Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից Կենտրոնական բանկին տեղեկացնելու պարտականությունը
Հոդված 174. Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից Կենտրոնական բանկին տեղեկացնելու պարտականությունը
1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Կենտրոնական բանկին գնային չարաշահումների վերաբերյալ իր ունեցած ցանկացած հիմնավոր կասկածի մասին՝ բանավոր, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով: Բանավոր կերպով տեղեկացնելու դեպքում Կենտրոնական բանկի պահանջով ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է ոչ ուշ, քան բանավոր տեղեկացմանը հաջորդող օրվա ավարտը բանավոր հաղորդած տեղեկատվությունը ներկայացնել գրավոր ձևով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված կասկածը պետք է հիմնավորվի ապացույցներով:
3. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը որևէ անձի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասում նշված կասկածները Կենտրոնական բանկին հաղորդելիս պարտավոր է ապահովել կասկածների վերաբերյալ Կենտրոնական բանկ տեղեկություններ ներկայացնելու փաստի գաղտնիությունը:
4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված կասկածի վերաբերյալ տեղեկացումը պետք է պարունակի՝
1) կասկածելի գործարքի նկարագրությունը, ներառյալ՝ արժեթուղթը, գործարքի և հանձնարարականի տեսակը.
2) կասկածի հիմնավորումը.
3) գործարքի կողմերի ինքնությունը պարզելու միջոցները.
4) կասկածը հայտնողի գործունեության վերաբերյալ տեղեկություններ.
5) կասկած հայտնող անձի կարծիքով էական համարվող այլ տեղեկություններ:
5. Եթե սույն հոդվածի 4-րդ մասում նշված ողջ տեղեկատվությունը հասանելի չէ կասկածը հայտնող անձի համար, ապա կասկածի վերաբերյալ տեղեկացումը պետք է պարունակի առնվազն կասկածի հիմնավորումը: Սույն հոդվածի 4-րդ մասում նշված մնացած տեղեկությունները պետք է Կենտրոնական բանկ ներկայացվեն դրանց հասանելի դառնալուց անմիջապես հետո: