Հոդված 61. Կենսաթոշակային ֆոնդերի փայերի և անուիտետի ժառանգումը
Հոդված 61. Կենսաթոշակային ֆոնդերի փայերի և անուիտետի ժառանգումը
1. Կենսաթոշակային ֆոնդերի փայերի և անուիտետի ժառանգման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով:
2. Կենսաթոշակային ֆոնդերի փայերը և անուիտետը կարող են ժառանգության կարգով փոխանցվել միայն ֆիզիկական անձանց և Հայաստանի Հանրապետությանը:
3. Ժառանգվել կարող են ինչպես նախքան կուտակային կենսաթոշակ ստանալը մահացած մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդերի փայերը, այնպես էլ կուտակային կենսաթոշակ ստանալու ժամանակահատվածում մահացած կենսաթոշակառուի ժառանգման ենթակա փայերը և անուիտետը:
4. Մասնակցի մահվան դեպքում նրա կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդերի փայերը փոխանցվում են նրա ժառանգի կենսաթոշակային հաշվին կամ սույն օրենքով սահմանված կարգով մարվում են և ժառանգություն ստացած ժառանգներին վճարվում են միանվագ վճարի տեսքով: Ընդ որում, եթե մահացած մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա ժառանգվող կենսաթոշակային ֆոնդի փայերի ընդհանուր հաշվարկային արժեքը`
1) պակաս է հիմնական կենսաթոշակի քսանհինգապատիկից, ապա փայերը մարվում են, և մարման արդյունքում ստացված գումարը վճարվում է ժառանգներին միանվագ վճարի տեսքով.
2) մեծ է հիմնական կենսաթոշակի քսանհինգապատիկից, ապա հիմնական կենսաթոշակի քսանհինգապատիկի չափով փայերը մարվում են, և մարման արդյունքում ստացված գումարը վճարվում է ժառանգին միանվագ, իսկ գերազանցող մասը փոխանցվում է ժառանգի պարտադիր կուտակային կենսաթոշակային հաշվին, եթե նա պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից է: Եթե ժառանգորդը ցանկանում է ժառանգված փայերը փոխանակել իր հաշվում գտնվող փայերով, ապա պարտավոր է լրացնել և մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնել սույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը:
5. Եթե մահացած մասնակցի ժառանգը չի հանդիսանում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից, ապա մասնակիցների ռեեստր վարողը պարտավոր է նրա համար բացել կենսաթոշակային հաշիվ և ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանցել այդ կենսաթոշակային հաշվին` անկախ ժառանգի տարիքից: Այդ պահից սկսած` ժառանգը ձեռք է բերում կենսաթոշակային ֆոնդի մասնակցի համար սույն օրենքով սահմանված բոլոր իրավունքները և կրում է սույն օրենքով սահմանված բոլոր պարտականությունները, բացառությամբ պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտականության: Եթե ժառանգը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի և չունի մասնակիցների ռեեստրը վարողի մոտ բացված կենսաթոշակային հաշիվ, ապա նա գումարը ստանում է սույն օրենքով սահմանված կարգով` միանվագ վճարի տեսքով:
6. Մահացած կենսաթոշակառուի ժառանգման ենթակա կենսաթոշակը ժառանգներին օրենքով սահմանված չափով վճարվում է միանվագ վճարի տեսքով: Ապահովագրական ընկերությունից անուիտետի ժառանգման կարգը և դիմումի ձևը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:
7. Եթե մահացած մասնակիցը չունի ժառանգ, ապա նրան պատկանող փայերը մարվում են մասնակիցների ռեեստրը վարողի կողմից, և ձևավորված դրամական միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
8. Սույն հոդվածի 7-րդ մասի կանոնները կիրառվում են նաև մահացած մասնակցի կենսաթոշակային ֆոնդի փայերի նկատմամբ, որոնց սեփականատերերին 3 տարի չի հաջողվել պարզել, և որոնք չեն մուտքագրվել որևէ մեկի կենսաթոշակային հաշվին: