Հոդված 32
Հոդված 32.
Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի նախագահը
1. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը երեք տարի է:
2. Ի լրումն դատավորի լիազորությունների՝ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի նախագահը՝
1) ապահովում է դատարանի բնականոն գործունեությունը, ներառյալ` վերահսկում են դատարանի աշխատակազմի գործունեությունը.
2) դատավորներին տրամադրում է արձակուրդ.
3) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.
4) դատարանի բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերով դիմում է Բարձրագույն դատական խորհուրդ, Ընդհանուր ժողով և Ընդհանուր ժողովի հանձնաժողովներ.
5) դատավորի կողմից վարքագծի կանոնի առերևույթ խախտում հայտնաբերելիս այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում Ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին (այսուհետ՝ Կարգապահական հարցերի հանձնաժողով).
6) իրականացնում է այլ լիազորություններ:
3. Առաջին ատյանի դատարանի նախագահը Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով հաստատում է մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների հերթապահությունների ժամանակացույցը և դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակում է ժամանակացույցով հերթապահությանը ներգրավված դատավորների նստավայրերը:
4. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի նախագահը կարող է այլ դատավորի նշանակել իրեն փոխարինող արձակուրդի կամ գործուղման մեջ լինելու, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության դեպքերի համար:
5. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի նախագահի կողմից փոխարինող չնշանակվելու, լիազորությունների կասեցման, դադարման կամ դադարեցման դեպքերում նրան փոխարինում է տվյալ դատարանի այն դատավորը, որը տվյալ ատյանի դատարանում ունի դատավորի առավել երկար փորձառություն: Փորձառության հավասար ժամկետ ունեցող մեկից ավելի դատավորի առկայության դեպքում նախապատվությունը տրվում է տարիքով ավագ դատավորին: