Հոդված 105
Հոդված 105.
Որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատումը
1. Գրավոր առաջադրանքները գնահատվում են Բարձրագույն դատական խորհրդի սահմանած գնահատման չափորոշիչներին համապատասխան միավորների սանդղակով:
2. Գնահատման հանձնաժողովի բոլոր անդամները պարտավոր են ստուգել գրավոր քննության բոլոր աշխատանքները: Ստուգումն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով:
3. Գրավոր քննության աշխատանքները հանձնաժողովն ստուգում և գնահատում է անանուն: Գնահատման հանձնաժողովի անդամները պետք է ապահովված լինեն գնահատման չափորոշիչներին համապատասխան միավորների սանդղակով և ուղենիշային տիպային պատասխաններով:
4. Գրավոր քննության արդյունքների հրապարակումից հետո քննություն հանձնած անձի դիմումի հիման վրա անհապաղ, բայց ոչ ուշ, քան դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող օրը տրամադրվում է իր գրավոր աշխատանքի պատճենը:
5. Գրավոր քննությունը և դրա արդյունքների ամփոփումը պետք է իրականացվեն հայտերն ընդունելու ժամկետի ավարտին հաջորդող մեկ ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև դեկտեմբերի 1-ը: