Հոդված 132. Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման նախապատրաստումը
Հոդված 132. Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման նախապատրաստումը
1. Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնավարման ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան երկու ամիս և ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, իսկ այլ հիմքով Վճռաբեկ դատարանում դատավորի թափուր տեղ առաջանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում է հայտարարություն, որն առնվազն պետք է պարունակի դիմումներն ընդունելու ժամկետը, վայրը, համալրման ենթակա տեղերի քանակը:
2. Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով՝
1) համապատասխան մասնագիտացման դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.
2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.
3) իրավագիտության դոկտորի գիտական աստիճան ունեցող և առնվազն 10 տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-3-րդ կետերում նշված անձն իրավունք ունի ընդգրկվելու դատավորների թեկնածուների ցուցակում, եթե բավարարում է սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված անձի դեպքում նրա լիազորությունները չեն դադարել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով:
4. Հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում, սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձինք առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու մասին կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ:
5. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված անձը դիմումին կցում է սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ նաև նշված պաշտոնում նախկինում աշխատած լինելու վերաբերյալ փաստաթղթերը:
6. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված անձը դիմումին կցում է սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իրավագիտության դոկտորի գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև գիտական աշխատությունների և հրապարակումների ցանկը:
7. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-3-րդ կետերում նշված անձի դիմումն ստուգվում է սույն օրենսգրքի 99-րդ հոդվածով սահմանված կարգով:
8. Յուրաքանչյուր թափուր տեղի համար սույն օրենսգրքով սահմանված կարգով առնվազն երեք թեկնածու չդիմելու դեպքում դիմում ներկայացնելու ժամկետի ավարտից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, կրկին հայտարարություն է տրվում:
9. Անձն ունի Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու իրավունք՝ անկախ դատավորների թեկնածուների՝ այլ ցուցակում ընդգրկված լինելու հանգամանքից: