Հոդված 13. Բանկի վերակառուցման գործիքները
Հոդված 13. Բանկի վերակառուցման գործիքները
1. Կենտրոնական բանկի խորհուրդը բանկը վերակառուցելու համար կարող է կիրառել վերակառուցման հետևյալ գործիքները․
1) բանկի (դրա մի մասի) վաճառք.
2) կամուրջ բանկի ստեղծում.
3) ակտիվների առանձնացում.
4) ներքին աջակցություն։
2. Կենտրոնական բանկը բանկի վերակառուցման գործընթացում ընտրում է վերակառուցման այն գործիքները և կիրառում է սույն օրենքով սահմանված այն իրավասությունները, որոնք Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով տվյալ իրավիճակում լավագույնս կապահովեն սույն օրենքով սահմանված վերակառուցման նպատակները:
3. Կենտրոնական բանկը կարող է կիրառել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մեկ կամ մի քանի գործիք, բացառությամբ ակտիվների առանձնացման գործիքի, որը կարող է կիրառվել բացառապես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վերակառուցման այլ գործիքի հետ միասին։
4. Այն դեպքում, երբ Կենտրոնական բանկը վերակառուցվող բանկի նկատմամբ կիրառել է բանկի (դրա մի մասի) վաճառքի կամ կամուրջ բանկի ստեղծման գործիքները կամ այդ գործիքները ակտիվների առանձնացման գործիքի հետ, և վերակառուցվող բանկի ակտիվները, իրավունքները կամ պարտավորությունները մասնակի են փոխանցվել, ապա փոխանցումից հետո վերակառուցվող բանկը ենթակա է լուծարման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։
5. Բանկի (դրա մի մասի) վաճառքի կամ կամուրջ բանկի ստեղծման գործիքի կիրառման միջոցով վերակառուցվող բանկում առկա ավանդները այլ բանկի փոխանցվելու դեպքում ավանդատուները չեն կարող իրենց բանկային ավանդի չփոխանցված մասի համար Հիմնադրամի նկատմամբ ունենալ որևէ պահանջ, եթե փոխանցված բանկային ավանդի ընդհանուր գումարը հավասար է կամ գերազանցում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքով սահմանված հատուցման առավելագույն չափը։ Սույն մասի համաձայն՝ այլ բանկի փոխանցված բանկային ավանդների նկատմամբ կիրառվում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքի 9-րդ հոդվածով սահմանված պայմանները:
6. Բանկի վերակառուցման ընթացքում կանոնադրական կապիտալը համալրելիս մասնակիցների նախապատվության իրավունքները չեն կիրառվում, եթե Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ այլ բան սահմանված չէ։
7. Վերակառուցվող բանկը և կամուրջ բանկը պարտավորվում են բավարարել օրենքներով և այլ իրավական ակտերով բանկերի համար սահմանված պահանջները, այդ թվում՝ կատարում են բանկերի կողմից օրենսդրությամբ ֆինանսական համակարգի համար սահմանված բոլոր պարտադիր վճարները, եթե սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի խորհրդի` բանկի վերակառուցման որոշմամբ այլ բան սահմանված չէ:
8. Կենտրոնական բանկը բանկի վերակառուցման գործընթացում նշանակալից մասնակցության նախնական համաձայնությունը տրամադրելու համար կարող է սահմանել հատուկ կարգ և պայմաններ: