Հոդված 9. Հատուկ ղեկավարը
Հոդված 9. Հատուկ ղեկավարը
1. Կենտրոնական բանկը բանկի վերակառուցման որոշմամբ նախատեսված գործընթացներն իրականացնում է ինքնուրույն կամ հատուկ ղեկավարի (ղեկավարության) միջոցով։ Հատուկ ղեկավարը և ղեկավարության անդամները նշանակվում են Կենտրոնական բանկի խորհրդի կողմից և հաշվետու են Կենտրոնական բանկի խորհրդին։ Հատուկ ղեկավարը իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված և բանկի վերակառուցման որոշմամբ սահմանված այլ իրավասություններ սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված վերակառուցման նպատակներն ապահովելու համար։
2. Հատուկ ղեկավար (ղեկավարության անդամ) նշանակվում է Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով բանկի ղեկավարի համար սահմանված չափանիշները բավարարող անձը, եթե Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով այլ բան սահմանված չէ։
3. Կենտրոնական բանկը հատուկ ղեկավարի (ղեկավարության անդամի) նշանակման որոշմամբ սահմանում է հատուկ ղեկավարի կողմից հաշվետվությունների ներկայացման կարգը և պայմանները։
4. Հատուկ ղեկավար (ղեկավարություն) նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից վերակառուցվող բանկի կառավարման բոլոր մարմինների լիազորությունները, այդ թվում՝ բանկի ընդհանուր ժողովի՝ որոշումներ կայացնելու լիազորություններն ամբողջությամբ անցնում են հատուկ ղեկավարին, եթե Կենտրոնական բանկի խորհրդի՝ հատուկ ղեկավար նշանակելու որոշմամբ այլ բան նախատեսված չէ։ Հատուկ ղեկավարի (ղեկավարության անդամների) վարձատրության չափը սահմանվում է ղեկավար (ղեկավարության անդամներ) նշանակելու մասին որոշմամբ: Հատուկ ղեկավարի (ղեկավարության անդամների) վարձատրությունն իրականացվում է վերակառուցվող բանկի միջոցների հաշվին։
5. Կենտրոնական բանկի խորհուրդն իր որոշմամբ կարող է վերակառուցվող բանկի ղեկավարներին առաջարկել որոշմամբ սահմանված ժամկետով պահպանել իրենց զբաղեցրած պաշտոնները բանկում կամ նրանց ընդգրկել հատուկ ղեկավարության կազմում:
6. Հատուկ ղեկավարը (ղեկավարությունը) նշանակվում է ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով: Սույն մասով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել բացառիկ դեպքում՝ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ յուրաքանչյուր անգամ մինչև մեկ տարի ժամկետով:
7. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է վաղաժամկետ դադարեցնել հատուկ ղեկավարի (ղեկավարության անդամների) լիազորությունները, եթե՝
1) խախտվել են կամ չեն բավարարվում սույն օրենքով կամ այլ իրավական ակտերով հատուկ ղեկավարի նկատմամբ սահմանված պահանջները․
2) Կենտրոնական բանկի գնահատմամբ հատուկ ղեկավարի (ղեկավարության անդամների) կողմից չեն կատարվում կամ ոչ պատշաճ են կատարվում իր պարտականությունները, կամ հատուկ ղեկավարի գործողությունները կամ անգործությունը խոչընդոտում են բանկի վերակառուցման իրականացումը կամ չեն նպաստում դրան:
8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքում բանկի վերակառուցման որոշմամբ նախատեսված գործընթացներն իրականացնում է Կենտրոնական բանկը մինչև հատուկ ղեկավարի (ղեկավարության անդամների) նշանակումը։
9. Հատուկ ղեկավարի (ղեկավարության անդամների) նշանակման, ինչպես նաև նրա լիազորությունների դադարեցման որոշման վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը հրապարակվում է Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում՝ սույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ բանկի վերակառուցման որոշման հրապարակումից հետո: