Հոդված 22. Վերակառուցման հիմնադրամը
Հոդված 22. Վերակառուցման հիմնադրամը
1. Բանկի վերակառուցումը ֆինանսավորելու նպատակով ստեղծվում է հիմնադրամ (այսուհետ՝ Վերակառուցման հիմնադրամ): Վերակառուցման հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, որի հիմնադրման հիմնական նպատակը բանկի վերակառուցման ֆինանսավորումն է։ Վերակառուցման հիմնադրամի հիմնադիրը Կենտրոնական բանկն է։ Կենտրոնական բանկը պատասխանատվություն չի կրում Վերակառուցման հիմնադրամի ստանձնած պարտավորությունների համար:
2. Վերակառուցման հիմնադրամը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, սույն օրենքի, «Հիմնադրամների մասին» օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա:
3. Վերակառուցման հիմնադրամի կառավարումն իրականացվում է Հիմնադրամի կառավարման մարմինների միջոցով։
4. Վերակառուցման հիմնադրամի կառավարումն իրականացվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքի համաձայն, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ:
5. Հիմնադրամն իրականացնում է Վերակառուցման հիմնադրամի առանձնացված կառավարումը, ակտիվների և պարտավորությունների առանձնացված հաշվապահական հաշվառումը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների կազմումը, ներկայացումը համապատասխան մարմիններին և հրապարակումը։
6. Վերակառուցման հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքներով և դրանց համապատասխան ընդունված իրավական այլ ակտերով սահմանված գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքով սահմանված կարգով և պայմաններով:
7. Կենտրոնական բանկը կարող է Վերակառուցման հիմնադրամի նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոցներ՝ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքի 24-րդ հոդվածի 6-9-րդ մասերով սահմանված դեպքերում և կարգով:
8. Վերակառուցման հիմնադրամի գործունեությունը յուրաքանչյուր տարի ստուգվում է օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից: Անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը և ստուգված տարեկան ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են Կենտրոնական բանկ:
9. Վերակառուցման հիմնադրամի միջոցների վերաբերյալ տեղեկությունները, բացառությամբ վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների վերաբերյալ տեղեկությունների, չեն կարող հրապարակվել, տրամադրվել այլ անձանց և պետական մարմինների (բացառությամբ Կենտրոնական բանկի և պետական աջակցության անհրաժեշտության դեպքում՝ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի): Այդ տեղեկությունների պահպանումը, տրամադրումը և հրապարակումն իրականացվում են «Բանկային գաղտնիքի մասին» օրենքով սահմանված կարգով և պայմաններով: