Հոդված 15. Կամուրջ բանկի ստեղծման գործիքը
Հոդված 15. Կամուրջ բանկի ստեղծման գործիքը
1. Կենտրոնական բանկի խորհրդի՝ բանկը վերակառուցելու որոշմամբ կամուրջ բանկի ստեղծման գործիքի կիրառում նախատեսված լինելու դեպքում Վերակառուցման հիմնադրամը հիմնադրում է կամուրջ բանկ: Կամուրջ բանկի հիմնադրումը ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է Վերակառուցման հիմնադրամի հաշվին: Կամուրջ բանկի բաժնային գործիքները կարող են ձեռք բերվել նաև ներքին աջակցության գործիքի կիրառման շրջանակում: Ընդ որում, Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է իրականացնել կամուրջ բանկի կառավարման մարմինների, այդ թվում՝ ընդհանուր ժողովի իրավասությունները՝ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած դեպքերում:
2. Կենտրոնական բանկը կարող է վերակառուցվող բանկի ակտիվները, իրավունքները կամ պարտավորությունները կամ բաժնային գործիքները ամբողջությամբ կամ մասնակի փոխանցել կամուրջ բանկին:
3. Կամուրջ բանկը ձեռք է բերում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ակտիվները, իրավունքները կամ պարտավորությունները կամ բաժնային գործիքները վերակառուցվող բանկի կրիտիկական գործունեության (գործառնության) շարունակականությունը ապահովելու և փոխանցված ակտիվները, իրավունքները, պարտավորությունները կամ բաժնային գործիքները վաճառելու նպատակով:
4. Կամուրջ բանկին փոխանցվող պարտավորությունները կարող են գերազանցել կամուրջ բանկին փոխանցվող ակտիվները, եթե փոխանցման արդյունքով կամուրջ բանկը բավարարում է Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափը, իսկ, սույն հոդվածի 12-րդ մասի համաձայն, այլ սահմանաչափ սահմանված լինելու դեպքում բավարարում է այդ սահմանաչափը։
5. Կամուրջ բանկին փոխանցված ավանդները շարունակում են համարվել երաշխավորված՝ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքի համաձայն` այդ օրենքով սահմանված չափով:
6. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փոխանցման դեպքում կամուրջ բանկի վճարած գումարը (առկայության դեպքում) պետք է ուղղվի՝
1) մասնակիցներին, եթե կամուրջ բանկին փոխանցվել են վերակառուցվող բանկի` տվյալ անձանց պատկանող բաժնային գործիքները.
2) վերակառուցվող բանկին, եթե կամուրջ բանկին փոխանցվել են վերակառուցվող բանկի ակտիվները, իրավունքները կամ պարտավորությունները կամ դրանց մի մասը:
7. Կենտրոնական բանկը կամուրջ բանկի ստեղծման գործիքի կիրառման շրջանակում կարող է կամուրջ բանկին փոխանցված ակտիվները, իրավունքները կամ պարտավորությունները հետ փոխանցել վերակառուցվող (լուծարվող) բանկին, եթե առկա է հետևյալ պայմաններից որևէ մեկը.
1) ակտիվների, իրավունքների կամ պարտավորությունների փոխանցման որոշման կամ պայմանագրի մեջ նշված է դրանց հետ փոխանցման հնարավորության վերաբերյալ, կամ
2) փոխանցված ակտիվները, իրավունքները կամ պարտավորությունները չեն համապատասխանում փոխանցման որոշմամբ կամ պայմանագրով սահմանված պահանջներին:
8. Կամուրջ բանկի ղեկավարներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Կենտրոնական բանկի խորհուրդը։ Կամուրջ բանկի ղեկավարների որոշումները մինչև դրանց ընդունումը ներկայացվում են Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնեցմանը։ Կենտրոնական բանկի խորհուրդը բանկի վերակառուցման որոշմամբ սահմանում է համաձայնեցման ներկայացվող որոշումների շրջանակը և ներկայացման կարգը:
9. Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատում է կամուրջ բանկի ռազմավարությունը, ինչպես նաև կամուրջ բանկի ղեկավարների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների չափերը:
10. Կամուրջ բանկը ստեղծվում է մինչև երկու տարի ժամկետով։ Սույն մասով սահմանված ժամկետի հաշվարկը սկսվում է վերակառուցվող բանկից ակտիվների, իրավունքների կամ պարտավորությունների կամ բաժնային գործիքների` կամուրջ բանկին կատարված վերջին փոխանցման օրվանից: Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կամուրջ բանկի գործունեության ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր անգամ ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով: Կամուրջ բանկի գործունեության ժամկետի երկարաձգման վերաբերյալ տեղեկատվությունը և հիմնավորումները հրապարակվում են, եթե Կենտրոնական բանկի գնահատմամբ այն չի խաթարում կամուրջ բանկի կայունությունը կամ ֆինանսական կայունությունը:
11. Կամուրջ բանկի՝ օրենքով սահմանված ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացվում է կամուրջ բանկի միջոցների հաշվին:
12. Կամուրջ բանկի գրանցման և լիցենզավորման, ղեկավարների գրանցման և գրանցումից հանելու, կամուրջ բանկին ակտիվների, իրավունքների և պարտավորությունների փոխանցման առանձնահատկությունները, կամուրջ բանկի լիցենզիայի վերաձևակերպման կարգը, ինչպես նաև գործունեության առանձնահատկությունները սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով։ Կամուրջ բանկի նկատմամբ ժամանակավոր կարող են սահմանվել, այդ թվում՝ վերակառուցման որոշմամբ, հիմնական տնտեսական նորմատիվների կամ գործունեությանը վերաբերող կարգավորումներից տարբերվող պահանջներ:
13. Կամուրջ բանկի բաժնային գործիքները երրորդ անձի կողմից ձեռք բերվելու դեպքում կամուրջ բանկի լիցենզիան վերաձևակերպվում է՝ հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքով սահմանված լիցենզավորման և գործունեության պահանջները:
14. Կամուրջ բանկի բաժնային գործիքները Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ բանկի կողմից ձեռք բերվելու դեպքում բանկերը միանում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքով սահմանված պահանջների համաձայն: Կամուրջ բանկը այլ գնով վաճառելու դեպքում ձևավորվում է համապատասխանաբար պարտավորության կամ պահանջի իրավունք վերակառուցվող բանկի նկատմամբ։
15. Կամուրջ բանկի բոլոր ակտիվները, իրավունքներն ու պարտավորությունները երրորդ անձի կողմից ձեռք բերվելու դեպքում կամ դրանք հետ փոխանցվելու դեպքում կամուրջ բանկի ընդհանուր ժողովի որոշմամբ կամուրջ բանկը լուծարվում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով:
16. Կենտրոնական բանկի կողմից կամուրջ բանկի գործունեության՝ սույն օրենքով սահմանված ժամկետը չերկարաձգվելու դեպքում կամուրջ բանկի գործունեությունը դադարեցվում է, և այն լուծարվում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով: