Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · Վերակառուցման լիազոր մարմինը

Հոդված 4. Վերակառուցման լիազոր մարմինը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Վերակառուցման լիազոր մարմինը

1. Վերակառուցման լիազոր մարմինը Կենտրոնական բանկն է: Բանկերի վերակառուցումը Կենտրոնական բանկի բացառիկ իրավասությունն է։ Կենտրոնական բանկն ապահովում է բանկերի վերակառուցման գործառույթն իրականացնող ստորաբաժանման գործառութային անկախությունը, համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցությունը, ինչպես նաև համապատասխան տեղեկատվությանը և ռեսուրսներին հասանելիությունը՝ սույն օրենքով իրեն վերապահված իրավասություններն իրականացնելու համար: Կենտրոնական բանկն ապահովում է բանկերի վերահսկողության և վերակառուցման համար պատասխանատու ստորաբաժանումների իրավասությունների և գործառույթների տարանջատումը: Կենտրոնական բանկի՝ բանկերի վերահսկողության և վերակառուցման համար պատասխանատու ստորաբաժանումների իրավասությունները և գործառույթները պետք է տարանջատվեն:

2. Կենտրոնական բանկում խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է ստեղծվել բանկերի վերակառուցման հարցերով զբաղվող մասնագիտացված հանձնաժողով:

3. Կենտրոնական բանկը բանկի վերակառուցման համար իրականացնում է սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված իրավասությունները, այդ թվում՝

1) մշակում, վերանայում և սույն օրենքով սահմանված պարբերականությամբ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հաստատում է բանկերի վերակառուցման ծրագրերը.

2) սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով բանկերի նկատմամբ կիրառում է վերակառուցման գործիքներ.

3) իրականացնում է բանկերի վերակառուցման խոչընդոտների վերացմանն ուղղված՝ սույն օրենքով իր իրավասությանը վերապահված գործողություններ․

4) բանկերի վերակառուցման ծրագրերի կազմման, վերակառուցման գործընթացի նախապատրաստման և վերակառուցման իրականացման ընթացքում բանկից պահանջում է բանկի գործունեության, բանկի մասնակիցների և կապված անձանց վերաբերյալ անհրաժեշտ հաշվետվություններ և տեղեկություններ․

5) իրականացնում է բանկերի վերակառուցման համար սույն օրենքով նախատեսված գնահատումները.

6) բանկի վերակառուցման դեպքում ստանձնում է բանկի կառավարման բոլոր մարմինների և մասնակիցների` օրենսդրությամբ սահմանված լիազորությունները և իրավասությունները, այդ թվում՝ մասնակիցների անունից մասնակցությունն անկախ գնահատման կամ սակարկությունների հիման վրա որոշված գնով օտարելու, հետ կանչելու կամ հետ գնելու պահանջ ներկայացնելու իրավասությունները․

7) կարող է նշանակել հատուկ ղեկավար (ղեկավարության անդամներ), վաղաժամկետ դադարեցնել հատուկ ղեկավարի (ղեկավարության անդամների) լիազորությունները․

8) կարող է վերակառուցվող բանկի ղեկավարներին և աշխատակիցներին ազատել աշխատանքից և միակողմանիորեն դադարեցնել նրանց աշխատավարձի վճարումը՝ վճարելով աշխատած օրերի համար հաշվարկված հիմնական աշխատավարձ, հավելում և հավելավճար․

9) կարող է դուրս գրել պարտավորությունները կամ դրանք փոխարկել վերակառուցվող բանկի հասանելի բաժնետոմսերի կամ բաժնեմասերի կամ փայերի կամ այլ բաժնային գործիքների (այսուհետ` բաժնային գործիքներ).

10) կարող է փոփոխել վերակառուցվող բանկի հասանելի պարտավորությունների պայմանագրերը, այդ թվում՝ պարտավորությունների մարման ժամկետները, վճարման ենթակա տոկոսադրույքը կամ դրանց վճարման ժամկետները.

11) կարող է վերակառուցվող բանկի կապիտալում հաշվառվող պահուստները և էմիսիոն եկամուտը ուղղել բանկի վնասի ծածկմանը.

12) կարող է դիմել դատարան՝ սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված դեպքում բանկի կնքած պայմանագրերն անվավեր ճանաչելու համար․

13) կարող է կասեցնել սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանագրերով իրավունքների իրացումը և պարտավորությունների կատարումը․

14) կարող է պահանջել իրավասու անձից դադարեցնել վերակառուցվող բանկի թողարկած ֆինանսական գործիքների՝ կարգավորվող շուկայում տեղաբաշխումը, առք ու վաճառքը կամ կասեցնել առք ու վաճառքի նպատակով ընդունումը կամ ցուցակումը․

15) կարող է պահանջել բանկից վճարահաշվարկային, քլիրինգային, արժեթղթերի պահառության և հաշվարկային համակարգերի հետ համագործակցության շրջանակում նախատեսել այնպիսի պահանջներ, որոնք կապահովեն վերակառուցման գործընթացում այդ համակարգերի բնականոն գործունեությունը և ծառայությունների մատուցման անընդհատությունը․

16) կարող է սահմանել վերակառուցվող բանկի հաշվետվությունները հրապարակելու և Կենտրոնական բանկ ներկայացնելու այլ կարգ կամ պարբերականություն.

17) սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքերի առաջացման կամ հնարավոր առաջացման դեպքում կամ օրենսդրությամբ սահմանված դեպքերում վերահսկողական ներգործության միջոցառումների վերաբերյալ որոշում կայացնելուց հետո կարող է պահանջել բանկից մշակել և Կենտրոնական բանկ ներկայացնել բանկի երկարաժամկետ կայունության ապահովման ծրագիր.

18) սույն օրենքով սահմանված այլ իրավասություններ։

4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է ամբողջությամբ կամ մասամբ կասեցնել`

1) այն պայմանագրից բխող ցանկացած վճարում կամ պարտավորությունների կատարում, որի կողմ է վերակառուցվող բանկը.

2) պարտատերերի կողմից վերակառուցվող բանկի այն ակտիվների նկատմամբ իրավունքների իրականացումը, որոնք պարտավորությունների ապահովման միջոց են.

3) վերակառուցվող բանկի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող երրորդ անձանց՝ պայմանագիրը դադարեցնելու կամ վաղաժամկետ մարում պահանջելու իրավունքը.

4) զուտացման համաձայնագրերի կամ ապահովված պարտատոմսերի զուտացման հնարավորությունը:

5. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքն ի հայտ գալուց հետո՝ մինչև վերակառուցման որոշման կայացումը, սույն հոդվածով սահմանված պայմանագրերի նկատմամբ կիրառվող կասեցման ժամանակահատվածը չի կարող գերազանցել երկու աշխատանքային օրը: Վերակառուցման որոշում կայացնելուց հետո սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կասեցման ժամանակահատվածը չի կարող գերազանցել կասեցման մասին որոշման մեջ նշված կասեցման օրվանից սկսված 60 աշխատանքային օրը, բացառությամբ հետևյալ պարտավորությունների, որոնց համար կասեցման ժամանակահատվածը չի կարող գերազանցել երկու աշխատանքային օրը․

1) զուտացման համաձայնագրերը կամ ապահովված պարտատոմսերի զուտացման հնարավորությունը.

2) քաղաքացիների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հետևանքով առաջացած պահանջները.

3) արձակման նպաստների և աշխատավարձերի (բացառությամբ բանկի հետ կապված անձանց) վճարման, հեղինակային պայմանագրերով պարգևատրումների հետ կապված քաղաքացիների պահանջները:

6. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կասեցման դեպքում չեն հաշվարկվում, վճարվում, գանձվում կամ բռնագանձվում պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար օրենքով կամ պայմանագրով նախատեսված տույժերն ու տուգանքները:

7. Սույն օրենքով նախատեսված վերակառուցման գործիքների և իրավասությունների կիրառումը հիմք չէ երրորդ անձի կողմից պայմանագրի վաղաժամկետ դադարեցման իրավունքից օգտվելու համար, եթե պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը պայմանավորված է սույն օրենքի հիման վրա Կենտրոնական բանկի ընդունած որոշումներով: Ընդ որում, սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կասեցումը չի համարվում բանկի կողմից պարտավորությունների չկատարում կամ ոչ պատշաճ կատարում:

8. Կենտրոնական բանկը, նրա կառավարման մարմինները, աշխատակիցները (այդ թվում՝ նախկին աշխատակիցները), հատուկ ղեկավարը (ղեկավարության անդամները), ինչպես նաև ցանկացած անձ, որը ներկայացրել է Կենտրոնական բանկը կամ պատշաճ կերպով լիազորված է եղել գործելու Կենտրոնական բանկի անունից և ներգրավված է եղել վերակառուցման գործընթացում, չեն կարող պատասխանատվության ենթարկվել (այդ թվում՝ հատուցել վնասներ) բանկի վերակառուցման կապակցությամբ կայացված որոշման, կատարված գործողության կամ անգործության համար, եթե գործել են բարեխղճորեն և օրենսդրությամբ սահմանված իրենց լիազորությունների շրջանակում այն համոզմունքով, որ իրենց գործողություններն ուղղված են իրենց լիազորությունների պատշաճ իրականացմանը: Սույն մասով սահմանված անձանց պատասխանատվության ենթարկելու որևէ գործընթացի շրջանակում առաջացած ծախսերը և վնասները ենթակա են փոխհատուցման օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Կենտրոնական բանկի հայցի հիման վրա դատարանը կարող է անվավեր ճանաչել՝

1) բանկի վերակառուցման մասին որոշմանը նախորդող առավելագույնը երեք տարվա ընթացքում բանկի կնքած այն գործարքները, որոնք բանկի հետ կնքվել են բանկի ղեկավարի, մասնակիցների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց համար ակնհայտորեն շահավետ պայմաններով.

2) բանկի վերակառուցման մասին որոշմանը նախորդող առավելագույնը երեք տարվա ընթացքում բանկի մասնակիցներին բաշխված շահութաբաժինները, նրանց կամ այլ անձանց օգտին անհատույց օտարված գույքը, ղեկավարներին վճարված պարգևատրումները.

3) բանկի վերակառուցման մասին որոշմանը նախորդող առավելագույնը երեք տարվա ընթացքում կատարված այն գործարքները, որոնց արդյունքով բանկի տրամադրած գույքի իրական շուկայական արժեքն էականորեն գերազանցել է փոխարենն ստացված գույքի իրական շուկայական արժեքը, կամ այն գործարքները, որոնք ակնհայտորեն անշահավետ են եղել բանկի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքի կողմ է այլ ֆինանսական կազմակերպություն, և գործարքն անվավեր ճանաչելու հետևանքով գործարքի այլ կողմ հանդիսացող ֆինանսական կազմակերպության ֆինանսական վիճակն էապես կվատթարանա՝ հանգեցնելով ֆինանսական կայունության խաթարման.

4) բանկի վերակառուցման մասին որոշմանը նախորդող առավելագույնը իննսուն օրվա ընթացքում բանկի` նախկինում ստանձնած պարտավորությունների դիմաց բանկի կատարած վճարումները կամ գույքի օտարումը, բացառությամբ բանկի բնականոն գործունեության համար ընթացիկ վճարումների և այն դեպքերի, երբ գործարքի կողմ է այլ ֆինանսական կազմակերպություն, և գործարքն անվավեր ճանաչելու հետևանքով գործարքի այլ կողմ հանդիսացող ֆինանսական կազմակերպության ֆինանսական վիճակն էապես կվատթարանա՝ հանգեցնելով ֆինանսական կայունության խաթարման․

5) բանկի վերակառուցման մասին որոշմանը նախորդող առավելագույնը 90 օրվա ընթացքում կնքված զուտացման համաձայնագիրը կամ ապահովության պայմանագիրը, եթե այդպիսի զուտացման համաձայնագիր կամ ապահովության պայմանագիր կնքելը չէր բխում բանկի շահերից և հետապնդում էր բացառապես ակտիվները վերակառուցման (սնանկության) գործընթացից դուրս բերելու նպատակ:

10. Սույն հոդվածով նախատեսված գործարքներն անվավեր ճանաչելու հայցով Կենտրոնական բանկը կամ հատուկ ղեկավարը կարող է դատարան դիմել բանկի վերակառուցման մասին որոշման կայացումից հետո` մեկ տարվա ընթացքում:

Գ լ ու խ 4

Վերակառուցման ԾՐԱԳԻՐԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։