Հոդված 7. Բանկի վերակառուցման հիմքերը
Հոդված 7. Բանկի վերակառուցման հիմքերը
1. Բանկը վերակառուցվում է սույն օրենքով սահմանված վերակառուցման գործիքների և իրավասությունների կիրառմամբ, եթե միաժամանակ առկա են սույն մասով սահմանված բոլոր հիմքերը՝
1) բանկը ձախողվել է, կամ հավանական է, որ կձախողվի,
2) բանկի, բանկի մասնակիցների կողմից իրականացված միջոցառումների կամ հնարավոր իրականացվող միջոցառումների, Կենտրոնական բանկի կողմից իրականացված վերահսկողական կամ վերահսկողական ներգործության միջոցառումների արդյունքով ողջամիտ ժամկետում հնարավոր չէ վերացնել բանկի ձախողման կամ հավանական ձախողման հիմքերը,
3) բանկի վերակառուցումն անհրաժեշտ է սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներից որևէ մեկի ապահովման համար:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով` բանկը ձախողվում է, կամ հավանական է, որ կձախողվի, եթե՝
1) բանկն ի վիճակի չէ, կամ հավանական է, որ ի վիճակի չի լինի բավարարելու պարտատերերի օրինական պահանջները, կամ
2) Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշների համաձայն՝ Կենտրոնական բանկի խորհրդի գնահատմամբ բանկը խախտել է, կամ հավանական է, որ կխախտի հիմնական տնտեսական նորմատիվները, կամ
3) բանկի ստանձնած պարտավորությունները գերազանցում են, կամ հավանական է, որ կգերազանցեն բանկի ակտիվները, կամ
4) առկա են «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 32-րդ հոդվածով կամ 65-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կամ «գ» կետով սահմանված՝ բանկի բանկային գործունեության լիցենզիան անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու հիմքերը։
3. Կենտրոնական բանկի խորհուրդը սահմանում է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ բանկի ձախողման կամ հավանական ձախողման հիմքերի գնահատման կարգը։ Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի գնահատումներն իրականացվում են բանկի կողմից Կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվությունների և տեղեկությունների, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով Կենտրոնական բանկի ձեռք բերած այլ տեղեկատվության հիման վրա:
4. Անկախ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներից որևէ մեկին հասնելու պայմանից՝ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ բանկը կարող է վերակառուցվել կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ լուծարվել։ Բանկը կարող է վերակառուցվել, եթե
1) առկա են սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերը․
2) բանկը հնարավոր է վերակառուցել սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված գործիքի կիրառմամբ․
3) բանկի վերակառուցման գործընթացի շրջանակում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) և Վերակառուցման հիմնադրամից օգտագործված միջոցների չափը չի գերազանցի բանկի հավանական լուծարման գործընթացի շրջանակում Հիմնադրամի ծախսերը։