Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի (այսուհետ՝ բանկ) վերակառուցման կարգն ու պայմանները։
2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի վերակառուցման գործընթաց նախաձեռնելու և իրականացնելու առանձնահատկությունները կարող են սահմանվել համագործակցության պայմանագրերով, հուշագրերով կամ այլ փաստաթղթերով:
3. Վերակառուցվող բանկի, կամուրջ բանկի և ակտիվների առանձնացման գործիքի շրջանակում ստեղծվող վարկային կազմակերպության գործունեության, ինչպես նաև բանկի վերակառուցման գործընթացի վրա տարածվում են բանկերի և բանկային գործունեությունը կարգավորող, վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական ակտերի կարգավորումները, այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքի դրույթներին։
4. Բանկի վերակառուցումը Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքով սահմանված վերակառուցման գործիքների և իրավասությունների կիրառման միջոցով ֆինանսական համակարգի կայունության, ձախողվող կամ հավանական ձախողվող բանկի կրիտիկական գործունեության (գործառնության) անընդհատության ապահովման և պետական միջոցների պաշտպանությանն ուղղված գործընթաց է։
5. Սույն օրենքում օգտագործվող հասկացություններն ունեն բանկերի և բանկային գործունեությունը կարգավորող, վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքներով և դրանց հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված նշանակությունը, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ։