Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Հոդված 10. Բանկի ակտիվների և պարտավորությունների գնահատումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Բանկի ակտիվների և պարտավորությունների գնահատումը

1. Մինչև վերակառուցման մասին որոշում կայացնելը բանկի ակտիվները և պարտավորությունները գնահատվում են անկախ գնահատողի կողմից Կենտրոնական բանկի խորհրդի կողմից վերակառուցման գործիքների ընտրության, վերակառուցման գործիքների կիրառման շրջանակում ակտիվների և պարտավորությունների չափի, կապիտալի գործիքների, պարտավորությունների դուրսգրման կամ փոխարկման չափի որոշման նպատակով։ Սույն մասով սահմանված պահանջը չի սահմանափակում, որ սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված՝ բանկի (դրա մի մասի) վաճառքի գործիքի կիրառման դեպքում հիմք ընդունվի սակարկության ժամանակ ձևավորված վաճառքի գինը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անկախ գնահատումն իրականացնելու անհնարինության, այդ թվում՝ անկախ գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության բացակայության կամ կարճ ժամկետում անկախ գնահատողի հետ պայմանագրի կնքման, անկախ գնահատումն անհրաժեշտ ժամկետում իրականացնելու անհնարինության դեպքում Կենտրոնական բանկը կամ ամբողջական անկախ գնահատում իրականացնելու համար բավարար ժամանակ կամ տեղեկատվություն չլինելու դեպքում անկախ գնահատողը կարող է իրականացնել բանկի ակտիվների և պարտավորությունների միջանկյալ գնահատում:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անկախ գնահատման բացակայության դեպքում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված միջանկյալ գնահատումը հիմք է վերակառուցման մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշում կայացնելու համար։

4. Վերակառուցման գործընթացի ավարտից հետո Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետում անկախ գնահատողը պետք է իրականացնի վերջնական անկախ գնահատում:

5. Այն դեպքում, երբ սույն հոդվածով սահմանված վերջնական անկախ գնահատման և միջանկյալ գնահատման արդյունքների միջև առկա է տարբերություն, ապա վերակառուցման գործիքների կիրառման արդյունքը ճշգրտվում է՝ հիմք ընդունելով վերջնական անկախ գնահատման արդյունքները։

6. Սույն հոդվածով և սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված անկախ գնահատողի վարձատրությունն իրականացվում է վերակառուցվող բանկի միջոցների հաշվին։

7. Սույն հոդվածով և սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված անկախ գնահատողի ընտրության չափանիշները, կարգը, ինչպես նաև գնահատումների իրականացման կարգը սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։