Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · Բանկի վերակառուցման գործիքները

Հոդված 16. Ակտիվների առանձնացման գործիքը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. Ակտիվների առանձնացման գործիքը

1. Կենտրոնական բանկի խորհրդի՝ բանկը վերակառուցելու որոշմամբ ակտիվների առանձնացման գործիքի կիրառում նախատեսված լինելու դեպքում Վերակառուցման հիմնադրամը ստեղծում է վարկային կազմակերպություն (այսուհետ նաև՝ Վարկային կազմակերպություն), որը՝

1) ստեղծվում է վերակառուցվող բանկի կամ կամուրջ բանկի ակտիվները, իրավունքները կամ պարտավորությունները ամբողջությամբ կամ մասնակի փոխանցելու նպատակով․

2) ամբողջությամբ կամ մասամբ ստեղծվում է Վերակառուցման հիմնադրամի հաշվին: Վարկային կազմակերպության բաժնային գործիքները կարող են ձեռք բերվել նաև ներքին աջակցության գործիքի կիրառման շրջանակում:

2. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է որոշել՝ փոխանցել վերակառուցվող բանկի կամ կամուրջ բանկի ակտիվները, իրավունքները կամ պարտավորությունները Վարկային կազմակերպությանը, եթե առկա է հետևյալ պայմաններից որևէ մեկը.

1) տվյալ ակտիվի արագ վաճառքը կարող է անբարենպաստ ազդեցություն ունենալ այդ ակտիվի կամ ֆինանսական շուկայի վրա.

2) փոխանցումն անհրաժեշտ է ակտիվները, իրավունքներն ու պարտավորությունները փոխանցող բանկի անխափան գործունեությունն ապահովելու համար.

3) փոխանցումն անհրաժեշտ է ակտիվների վաճառքից կամ մարումից առավելագույն գումար ստանալու նպատակով:

3. Վարկային կազմակերպության նպատակն է հնարավոր առավելագույնի հասցնել ակտիվների վաճառքից կամ մարումից ստացվող միջոցները։

4. Սույն հոդվածի կիրառման իմաստով՝ Վարկային կազմակերպությունն ունի «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքով սահմանված նշանակությունը։ Սույն հոդվածի համաձայն ստեղծված Վարկային կազմակերպությունն իրականացնում է «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքով սահմանված գործառնությունները՝ բացառապես սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված նպատակն ապահովելու համար:

5. Վարկային կազմակերպության ղեկավարներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Կենտրոնական բանկի խորհուրդը։ Վարկային կազմակերպության ղեկավարների որոշումները մինչև դրանց ընդունումը ներկայացվում են Կենտրոնական բանկի խորհուրդ՝ համաձայնեցման: Կենտրոնական բանկի խորհուրդը բանկի վերակառուցման որոշմամբ սահմանում է համաձայնեցման ներկայացվող որոշումների շրջանակը և ներկայացման կարգը:

6. Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատում է Վարկային կազմակերպության ռազմավարությունը, ինչպես նաև Վարկային կազմակերպության ղեկավարների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների չափերը:

7. Վարկային կազմակերպությունը ստեղծվում է մինչև երկու տարի ժամկետով։ Ժամկետի հաշվարկը սկսվում է վերակառուցվող բանկից ակտիվների, իրավունքների կամ պարտավորությունների` վարկային կազմակերպությանը կատարված վերջին փոխանցման օրվանից: Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ Վարկային կազմակերպության գործունեությունը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր անգամ ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով: Վարկային կազմակերպության գործունեության ժամկետի երկարաձգման վերաբերյալ տեղեկատվությունը և հիմնավորումները հրապարակվում են, եթե Կենտրոնական բանկի գնահատմամբ այն չի խաթարում Վարկային կազմակերպության կայունությունը կամ ֆինանսական համակարգի կայունությունը:

8. Վարկային կազմակերպության գրանցման և լիցենզավորման, ղեկավարների գրանցման և գրանցումից հանելու, ակտիվների, իրավունքների և պարտավորությունների փոխանցման առանձնահատկությունները, լիցենզիայի վերաձևակերպման կարգը, ինչպես նաև գործունեության առանձնահատկությունները սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով։ Վարկային կազմակերպության նկատմամբ ժամանակավոր կարող են սահմանվել, այդ թվում՝ վերակառուցման որոշմամբ, գործունեության և հիմնական տնտեսական նորմատիվների կամ կարգավորումներից տարբերվող պահանջներ:

9. Վարկային կազմակերպության բոլոր ակտիվները, իրավունքներն ու պարտավորությունները երրորդ անձի կողմից ձեռք բերվելու դեպքում կամ դրանք հետ փոխանցվելու դեպքում Վարկային կազմակերպության ընդհանուր ժողովի (հիմնադիրների ժողովի) որոշմամբ Վարկային կազմակերպությունը լուծարվում է «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքով սահմանված կարգով:

10. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից Վարկային կազմակերպության գործունեության՝ սույն օրենքով սահմանված ժամկետը չերկարաձգվելու դեպքում Վարկային կազմակերպության գործունեությունը դադարեցվում է, և այն լուծարվում է «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։