Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · Բանկի վերակառուցման գործիքները

Հոդված 18. Ներքին աջակցության գործիքի կիրառման շրջանակը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Ներքին աջակցության գործիքի կիրառման շրջանակը

1. Ներքին աջակցության գործիքը կարող է կիրառվել բանկի բոլոր պարտավորությունների նկատմամբ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով սահմանված պարտավորությունների։

2. Սույն մասով սահմանված հետևյալ պարտավորությունները ենթակա չեն դուրսգրման կամ կապիտալի փոխարկման․

1) ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի)՝ Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով տվյալ բանկում հանրագումարային մինչև երկու հարյուր միլիոն Հայաստանի Հանրապետության դրամին համարժեք բանկային ավանդներ, բացառությամբ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի «ա»-«զ» կետերով սահմանված բանկային ավանդների․

2) ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի)՝ Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով տվյալ բանկում հանրագումարային երկու հարյուր միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող բանկային ավանդների՝ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքով սահմանված երաշխավորված մասը․

3) ապահովված պարտավորություններ, ինչպես նաև ռեպո համաձայնագրերով, ապահովված հիպոտեկային պարտատոմսերով ներգրավված միջոցներ և հեջավորման նպատակով օգտագործվող ֆինանսական գործիք հանդիսացող պարտավորություններ․

4) կենսաթոշակային ֆոնդերի միջոցներ․

5) ֆինանսական կազմակերպությունների, բացառությամբ միևնույն խմբի անդամ ընկերությունների նկատմամբ մինչև յոթ օր պայմանագրային ժամկետ ունեցող պարտավորություններ․

6) վճարահաշվարկային համակարգերի և արժեթղթերի հաշվարկային համակարգերի, դրանց քլիրինգը և վերջնահաշվարկն իրականացնող անձանց, օպերատորների, գործակալների և մասնակիցների նկատմամբ՝ այդ համակարգերում անդամակցությունից առաջացող՝ մարմանը մինչև յոթ օր մնացած ժամկետ ունեցող պարտավորություններ․

7) հաշվեգրված և չվճարված աշխատավարձերի կամ այլ վարձատրությունների գծով պարտավորություններ աշխատակիցների նկատմամբ, բացառությամբ պարգևատրումների և լրավճարների․

8) այն պարտատերերի նկատմամբ պարտավորություններ, որոնք վերակառուցվող բանկին վաճառել են ապրանքներ կամ մատուցել են ծառայություններ, որոնք անհրաժեշտ են բանկի ամենօրյա գործունեությունն ապահովելու համար, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվող ծառայություններ, կոմունալ և վարձակալական ծառայություններ․

9) հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով պարտավորություններ․

10) Հիմնադրամին իրականացվող երաշխիքային վճարներ և Վերակառուցման հիմնադրամին կատարվող հատկացումների գծով պարտավորություններ։

3. Կենտրոնական բանկը կարող է ներքին աջակցության գործիքը կիրառել նաև սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված պարտավորության՝ այդ պարտավորության ապահովման միջոց հանդիսացող ակտիվի կամ այլ իրավունքի արժեքը գերազանցող մասի նկատմամբ։

4. Ի լրումն սույն հոդվածի 2-րդ մասի՝ ներքին աջակցության գործիք կիրառելու որոշում կայացնելու պահին Կենտրոնական բանկը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն դուրսգրման կամ փոխարկման ենթակա հասանելի պարտավորությունների համար սահմանել բացառություն, եթե՝

1) հնարավոր չէ ողջամիտ ժամկետներում ապահովել այդ պարտավորության դուրսգրումը կամ ընդհանուր կապիտալի փոխարկումը, կամ

2) պարտավորության դուրսգրման կամ փոխարկման արդյունքում կխախտվի վերակառուցվող բանկի կրիտիկական գործունեության (գործառնության) անընդհատությունը, կամ

3) պարտավորության դուրսգրման կամ փոխարկման արդյունքով խաթարվում է ֆինանսական համակարգի այլ մասնակիցների և (կամ) տնտեսության այլ ճյուղերի բնականոն գործունեությունը, կամ

4) պարտավորության դուրսգրման կամ փոխարկման արդյունքով այլ պարտատերերի կրած վնասները ավելի մեծ կլինեն, քան այն դեպքում, եթե այդ պարտավորությունը դուրս չգրվեր կամ չփոխարկվեր։

Ընդ որում, սույն մասով նախատեսված բացառությունների կիրառման կարգը և պայմանները կարող են սահմանվել Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում, երբ Կենտրոնական բանկի խորհուրդն ամբողջությամբ կամ մասնակի բացառում է որոշակի հասանելի պարտավորությունների դուրսգրումը կամ կապիտալի փոխարկումը, ապա Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մեծացնել տվյալ հերթում մնացած այլ հասանելի պարտավորությունների փոխարկման կամ դուրսգրման չափը:

6. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում Կենտրոնական բանկի խորհուրդն ամբողջությամբ կամ մասնակի բացառում է որոշակի հասանելի պարտավորությունների դուրսգրումը կամ կապիտալի փոխարկումը, և չի ապահովվել դուրսգրման կամ կապիտալի փոխարկման անհրաժեշտ չափը, ապա Վերակառուցման հիմնադրամի միջոցները կարող են օգտագործվել սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն բացառված պարտավորությունների հանրագումարի չափով՝

1) առկա վնասները ծածկելու և վերակառուցվող բանկի զուտ ակտիվների զրոյական մեծությունը վերականգնելու համար կամ

2) վերակառուցվող բանկի (այդ թվում՝ բանկի (դրա մի մասի) վաճառքի գործիքի շրջանակում) ընդհանուր կապիտալի համալրման նպատակով բաժնային գործիքներ ձեռք բերելու համար՝ առավելագույնը Կենտրոնական բանկի սահմանած կապիտալի համարժեքության նորմատիվի անհրաժեշտ մեծության ապահովման համար:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքում Վերակառուցման հիմնադրամի միջոցները կարող են օգտագործվել բացառապես, եթե կորուստները կլանվել են վերակառուցվող բանկի առաջին և երկրորդ մակարդակի կապիտալի, ինչպես նաև ընդհանուր կապիտալի և վերակառուցման համար հասանելի ստորադաս պարտավորությունների նվազագույն սահմանաչափի նորմատիվի հաշվարկում ներառված պարտավորությունների (առկայության դեպքում) միջոցով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։