Հոդված 5. Բանկի վերակառուցման ծրագիրը
Հոդված 5. Բանկի վերակառուցման ծրագիրը
1. Կենտրոնական բանկի՝ բանկերի վերակառուցման համար պատասխանատու ստորաբաժանումը յուրաքանչյուր բանկի համար մշակում է բանկի ձախողման կամ հավանական ձախողման դեպքում Կենտրոնական բանկի հավանական գործողությունները նկարագրող ծրագիր (այսուհետ՝ Վերակառուցման ծրագիր): Վերակառուցման ծրագիրը հաստատվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից և ենթակա է վերանայման առնվազն տարեկան պարբերականությամբ, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:
2. Բանկի Վերակառուցման ծրագիրը առնվազն պետք է ներառի բանկի վերակառուցման կամ լուծարման հնարավորության գնահատումը և, սույն օրենքի համաձայն, վերակառուցման կամ լուծարման խոչընդոտները (առկայության դեպքում) վերացնելուն ուղղված միջոցառումները:
3. Վերակառուցման ծրագիր մշակելիս Կենտրոնական բանկի՝ բանկերի վերակառուցման համար պատասխանատու ստորաբաժանումը կարող է հիմք ընդունել, Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած պահանջների համաձայն, բանկերի կողմից մշակվող վերականգնման ծրագրում բանկի ներկայացրած տեղեկատվությունը, պահանջել բանկից ներկայացնել հաշվետվություններ և այլ անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաև կարող է հիմք ընդունել այլ պետությունների՝ բանկերի վերակառուցում իրականացնող իրավասու մարմիններից և պետական մարմիններից ստացված տեղեկատվությունը:
4. Վերակառուցման ծրագիրը ենթակա չէ հրապարակման: Սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված դեպքերում Վերակառուցման ծրագրի տրամադրումը չի համարվում հրապարակում:
5. Կենտրոնական բանկի՝ բանկերի վերակառուցման համար պատասխանատու ստորաբաժանումը տրամադրում է բանկին ամփոփ Վերակառուցման ծրագիրը՝ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից բանկի Վերակառուցման ծրագիրը հաստատվելուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում: Ըստ անհրաժեշտության՝ բանկը կարող է ներգրավվել Վերակառուցման ծրագրի մշակման գործընթացում: Բանկը չի կարող սույն մասի համաձայն իրեն հասանելի դարձած տեղեկությունները հրապարակել կամ տրամադրել այլ անձանց:
6. Այն դեպքում, երբ ֆինանսական խմբի անդամ կազմակերպությունը կարգավորվում կամ վերահսկվում է այլ մարմնի կողմից, Վերակառուցման ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է նաև ֆինանսական խմբի անդամին վերակառուցելու իրավասություն ունեցող մարմիններին՝ սույն օրենքով սահմանված կարգով:
7. Կենտրոնական բանկի՝ բանկերի վերակառուցման համար պատասխանատու ստորաբաժանումը կարող է մշակել պարզեցված Վերակառուցման ծրագիր և նախատեսել դրա վերանայման այլ պարբերականություն, որը չի կարող գերազանցել երեք տարին, եթե Կենտրոնական բանկի խորհրդի գնահատմամբ, որն իրականացվում է տարեկան պարբերականությամբ, բանկի նկատմամբ կիրառվելու է սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված գործընթացը։
8. Բանկի Վերակառուցման ծրագիրը կարող է վերանայվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարբերականությունից հաճախ պարբերականությամբ՝ կախված բանկի իրավական կարգավիճակի, կազմակերպական կառուցվածքի, ֆինանսական վիճակի կամ ռազմավարական ծրագրի էական փոփոխություններից կամ բանկի Վերակառուցման ծրագրի իրագործելիության վրա ազդող էական հանգամանքների փոփոխությունից:
9. Բանկի վերակառուցման գործընթացում Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է կիրառել Վերակառուցման ծրագրով չնախատեսված վերակառուցման գործիք կամ իրականացնել Վերակառուցման ծրագրով չնախատեսված միջոցառումներ։