Հոդված 8. Բանկի վերակառուցման գործընթացը
Հոդված 8. Բանկի վերակառուցման գործընթացը
1. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում բանկը վերակառուցելու վերաբերյալ, եթե առկա են սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերը: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է որոշում կայացնել բանկը վերակառուցելու վերաբերյալ սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում:
2. Սույն հոդվածով սահմանված վերակառուցման մասին որոշում կայացնելու պահից Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39․1-ին գլխով սահմանված կարգով անհապաղ դատարան է ներկայացնում բանկի վերակառուցման մասին դիմում՝ կցելով բանկի վերակառուցման գործընթացն սկսելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի պատճառաբանված որոշումը։ Կենտրոնական բանկի խորհրդի՝ վերակառուցման գործընթացն սկսելու մասին որոշումը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են բանկի վերակառուցման հիմքերը, ինչպես նաև վերակառուցման գործընթացում նախատեսվող գործողությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը։
3. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից անհապաղ այդ մասին ծանուցում է վերակառուցվող բանկին և Վերակառուցման հիմնադրամին, իսկ բանկի՝ ֆինանսական խմբի անդամ լինելու դեպքում՝ համապատասխան վերակառուցման լիազոր մարմնին։ Սույն մասով նախատեսված անձինք և մարմինները չեն կարող հրապարակել կամ որևէ եղանակով երրորդ անձանց տրամադրել կամ հասանելի դարձնել վերակառուցման վերաբերյալ իրենց ներկայացված տեղեկատվությունը:
4. Կենտրոնական բանկի՝ բանկի վերակառուցման մասին որոշումն առնվազն ներառում է վերակառուցման հիմքերը, վերակառուցման գործիքները, հատուկ ղեկավարության կազմը (առկայության դեպքում), իրավասությունները և պարտականությունները, կասեցման իրավասության կիրառման դեպքում՝ դրա ուժի մեջ մտնելու ժամկետը և կիրառման ժամանակահատվածը:
5. Բանկի վերակառուցման մասին սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Կենտրոնական բանկն իր սահմանած ձևաչափով իր պաշտոնական կայքում հրապարակում է այդ որոշման վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:
6. Այն դեպքում, երբ կայացվել է որոշում սույն օրենքի 11-րդ հոդվածի համաձայն փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ, սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ամփոփ տեղեկատվությունը ներառում է նաև փոխհատուցման տրամադրման ընթացակարգի վերաբերյալ տեղեկատվությունը։
7. Մինչև բանկի վերակառուցումը վերակառուցման գործընթացում կամ դրանից հետո տեղեկությունների հրապարակումը այն անձի, պետական մարմնի և նրա պաշտոնատար անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահված են եղել, հայտնի են դարձել նրա ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ կամ տրամադրվել են սույն օրենքով սահմանված կարգով, արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղեկությունների տրամադրումն անհրաժեշտ է անձին իր աշխատանքային պարտականությունները կատարելու համար։ Սույն մասի իմաստով՝ տեղեկության հրապարակում է համարվում այդ տեղեկությունը (կամ դրա ցանկացած կրիչը) բանավոր կամ գրավոր զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ հրապարակելը, երրորդ անձին հայտնի դարձնելը կամ այլ կերպ տարածելը, երրորդ անձանց նման տեղեկություններ հայթայթելու հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ընձեռելը (թույլատրելը, չխոչընդոտելը կամ այդ տեղեկության պահպանման կարգի խախտման հետևանքով դրա հրապարակումը հնարավոր դարձնելը):
8. Վերակառուցվող բանկի կառավարման մարմինները բանկի վերակառուցման որոշման մասին ծանուցվելու պահից պարտավոր են Կենտրոնական բանկին, Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած դեպքերում նաև հատուկ ղեկավարին տրամադրել վերակառուցվող բանկի հաշվապահական և այլ փաստաթղթեր, վերակառուցվող բանկի գործունեությանը վերաբերող ցանկացած այլ տեղեկություններ, վերակառուցվող բանկի նյութական և այլ արժեքներ: