Հոդված 12. Ռոյալթի
Հոդված 12. Ռոյալթի
1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված ռոյալթին կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Սակայն այդպիսի ռոյալթին կարող է հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում է՝ այդ Պետության օրենքների համաձայն, սակայն այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի ռոյալթիի համախառն գումարի 10 տոկոսը, եթե ստացողը ռոյալթիի փաստացի սեփականատերն է:
3. «Ռոյալթի» տերմինը սույն Կոնվենցիայում օգտագործվելիս նշանակում է` ցանկացած տեսակի վճարում, որը ստացվում է որպես փոխհատուցում գրական, արվեստաբանական կամ գիտական աշխատանքների, ներառյալ կինոնկարների կամ ռադիոյով կամ հեռուստացույցով հեռարձակման համար օգտագործվող ֆիլմերի կամ ձայներիզների, ցանկացած պատենտի, ապրանքային նշանի, նախագծի կամ մոդելի, գծագրի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի ցանկացած հեղինակային իրավունքի օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար կամ արդյունաբերական, առևտրական կամ գիտական փորձին վերաբերող տեղեկության համար:
4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե ռոյալթիի փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով կամ այնտեղ գտնվող կայուն բազայի միջոցով անկախ անձնական ծառայություններ է մատուցում այդ մյուս Պետությունում, որտեղ առաջանում է ռոյալթին, և իրավունքը կամ գույքը, որոնց առնչությամբ վճարվում է ռոյալթին, իրականում կապված են 7-րդ հոդվածի (Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից) 1-ին կետում հիշատակված սահմանումների հետ: Այդ դեպքերում, հանգամանքներից կախված, կիրառվում են 7-րդ հոդվածի (Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից) կամ 14-րդ հոդվածի (Անկախ անձնական ծառայություններ) դրույթները:
5. Ռոյալթին համարվում է առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն ինքը` այդ Պետությունն է, այդ Պետության վարչատարածքային ստորաբաժանումը, տեղական իշխանության մարմինը կամ ռեզիդենտը: Սակայն երբ ռոյալթի վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն կամ կայուն բազա, որոնց առնչությամբ առաջացել է ռոյալթի վճարելու պարտավորությունը, և այդպիսի ռոյալթիի վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը կամ կայուն բազան, ապա այդպիսի ռոյալթին համարվում է առաջացած այն Պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը կամ կայուն բազան:
6. Երբ վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով օգտագործման, իրավունքի կամ տեղեկության համար վճարվող ռոյալթիի գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրի օրենքների համաձայն` հաշվի առնելով սույն Կոնվենցիայի այլ դրույթները: