Հոդված 27. Տեղեկությունների փոխանակում
Հոդված 27. Տեղեկությունների փոխանակում
1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կփոխանակեն այնպիսի տեղեկություններ, որոնք անհրաժեշտ կլինեն սույն Կոնվենցիայի կամ Կոնվենցիայում ընդգրկված հարկերի վերաբերյալ Պայմանավորվող պետությունների ներքին օրենսդրության դրույթների կիրառման համար՝ այնքանով, որքանով նախատեսված հարկումը չի հակասում սույն Կոնվենցիային, մասնավորապես, այդպիսի հարկերից խուսափելը բացառելու կամ խարդախությունը կանխելու համար: Տեղեկությունների փոխանակումը 1-ին հոդվածով (Անձինք, որոնց նկատմամբ կիրառվում է Կոնվենցիան) չի սահմանափակվում: Մի Պայմանավորվող պետության ստացած ցանկացած տեղեկություն համարվում է գաղտնի, ինչպես այդ Պետության ներքին օրենսդրության սահմաններում ստացված տեղեկությունը, և հաղորդվում է միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք զբաղվում են Կոնվենցիայով ընդգրկված հարկերի գնահատմամբ կամ գանձմամբ, հարկերի առնչությամբ հարկադիր բռնագանձմամբ կամ դատական հետապնդմամբ կամ հարկերի վերաբերյալ բողոքարկումների քննարկմամբ: Այդպիսի անձինք կամ մարմինները տեղեկություններն օգտագործում են միմիայն այդպիսի նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել տեղեկությունները բաց դատական նիստի ընթացքում կամ դատական որոշումների ժամանակ: Իրավասու մարմինները խորհրդակցությունների միջոցով կմշակեն համապատասխան պայմաններ, մեթոդներ և ձևեր այն հարցերի շուրջ, որոնց համար այդպիսի տեղեկության փոխանակումն իրականացվում է. ներառյալ, եթե անհրաժեշտ է, տեղեկության փոխանակումը հարկումից խուսափելու վերաբերյալ:
2. Առաջին կետի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես մի Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող.
ա) իրականացնել այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենսդրությանը և վարչական գործավարությանը հակասող վարչական գործավարության միջոցառումներ,
բ) ներկայացնել տեղեկություն, որը հասանելի չէ այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենսդրությամբ կամ սովորական վարչական գործավարության ընթացքում,
գ) ներկայացնել տեղեկություն, որը բացահայտում է որևէ առևտրական, աշխատանքային, արդյունաբերական, ձեռնարկատիրական կամ մասնագիտական գաղտնիք կամ առևտրական գործընթաց, կամ` տեղեկատվություն, որի բացահայտումը հակասում է պետական քաղաքականությանը (հասարակական կարգին):