Հոդված 25. Անխտրականություն
Հոդված 25. Անխտրականություն
1. Պայմանավորվող պետության ազգային անձինք մյուս Պայմանավորվող պետությունում չեն ենթարկվում ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, քան միևնույն հանգամանքների դեպքում այն հարկումն ու դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց ենթարկվում կամ կարող են ենթարկվել այդ մյուս Պետության ազգային անձինք: Այս դրույթը, չնայած 1-ին հոդվածի (Անձինք, որոնց նկատմամբ կիրառվում է Կոնվենցիան) դրույթներին, կիրառվում է նաև Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ չհանդիսացող անձանց նկատմամբ:
2. Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող՝ քաղաքացիություն չունեցող անձինք Պայմանավորվող պետություններից և ոչ մեկում չեն ենթարկվում ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, քան այն հարկումն ու դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց միևնույն հանգամանքների դեպքում ենթարկվում են կամ կարող են ենթարկվել տվյալ Պետության ազգային անձինք:
3. Մյուս Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության հարկումը այդ մյուս Պետությունում չպետք է լինի նվազ բարենպաստ, քան այդ մյուս Պետության համանման գործունեություն իրականացնող ձեռնարկության հարկումն է: Այս դրույթը չպետք է մեկնաբանվի որպես մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտներին հարկման նպատակներով այնպիսի անձնական զեղչերի, նվազեցումների և պակասեցումների թույլատրումը պարտավորեցնող դրույթ, որոնք Պայմանավորվող պետությանը իր ռեզիդենտներին շնորհել է քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների պատճառով:
4. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են 9-րդ հոդվածի (Զուգորդված ձեռնարկություններ) 1-ին կետի, 11-րդ հոդվածի (Տոկոսներ) 6-րդ կետի կամ 12-րդ հոդվածի (Ռոյալթի) 4-րդ կետի դրույթները` մի Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարած տոկոսները, ռոյալթին և այլ վարձատրությունները այդպիսի ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով ենթակա են նվազեցման նույն պայմաններով, ինչպես առաջինը հիշատակված Պետության ռեզիդենտին վճարելիս: Նմանապես, մի Պայմանավորվող պետության ձեռնարկության ցանկացած պարտքը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին այդ ձեռնարկության հարկվող կապիտալի որոշման նպատակով ենթակա կլինի նվազեցման նույն պայմաններով, ինչպես առաջինը հիշատակված Պետության ռեզիդենտին պարտք լինելիս:
5. Մի Պայմանավորվող պետության ձեռնարկությունները, որոնց կապիտալն ամբողջությամբ կամ մասամբ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում կամ կառավարվում է մյուս Պայմանավորվող պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, առաջինը հիշատակված Պետությունում չեն ենթարկվի այլ կամ ավելի ծանր որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, քան այն հարկումը կամ դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց ենթարկվում են կամ կարող են ենթարկվել առաջինը հիշատակված Պետության այլ համանման ձեռնարկությունները:
6. Չնայած 2-րդ հոդվածի (Հարկեր, որոնց վրա տարածվում է Կոնվենցիան) դրույթներին` սույն հոդվածի դրույթները կիրառվում են բոլոր տեսակի և բնույթի հարկերի նկատմամբ: