Հոդված 7. Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից
Հոդված 7. Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից
1. Պայմանավորվող պետության ձեռնարկության` ձեռնարկատիրական գործունեությունից ստացած շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում, եթե այդ ձեռնարկությունը մյուս Պայմանավորվող պետությունում չի իրականացնում ձեռնարկատիրական գործունեություն այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով: Եթե ձեռնարկությունը վերը նշված ձևով իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, ապա ձեռնարկության շահույթը կարող է հարկվել մյուս Պետությունում, բայց միայն այն չափով, որը վերագրելի է.
ա) այդ մշտական հաստատությանը,
բ) մյուս Պետությունում այնպիսի ապրանքների և արտադրանքի վաճառքին, որոնք նույնն են կամ համանման են մշտական հաստատության միջոցով վաճառվողներին,
գ) մյուս Պետությունում իրականացվող այնպիսի ձեռնարկատիրական գործունեությանը, որը նույնն է կամ համանման է մշտական հաստատության միջոցով իրականացվող գործունեությանը:
2. Հաշվի առնելով 3-րդ կետի դրույթները, երբ Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, յուրաքանչյուր Պայմանավորվող պետությունում այդ մշտական հաստատությանը վերագրվում է այն ձեռնարկատիրական շահույթը, որը նա կարող էր ստանալ՝ նույն կամ համանման պայմաններում իրականացնելով նույն կամ համանման գործունեություն և լինելով ինքնուրույն ու առանձին ձեռնարկություն և գործելով միանգամայն անկախ այն ձեռնարկությունից, որի մշտական հաստատությունն է:
3. Մշտական հաստատության ձեռնարկատիրական գործունեության շահույթը որոշելիս թույլատրվում է նվազեցում համարել մշտական հաստատության նպատակների համար կրած փաստացի ծախսերը, ներառյալ կառավարչական և ընդհանուր վարչական ծախսերը, ինչպես այն Պետությունում, որտեղ գտնվում է այդ մշտական հաստատությունը, այնպես էլ այլ վայրերում: Սակայն չի թույլատրվի նվազեցնել այն գումարները, որոնք մշտական հաստատության կողմից վճարված են (այլ կերպ, քան որպես փաստացի կատարված ծախսերի փոխհատուցում) ձեռնարկությանը պատենտներից կամ այլ իրավունքներից օգտվելու համար` ռոյալթիների, հոնորարների կամ այլ համանման վճարումների տեսքով, մատուցված ծառայությունների կամ ղեկավարման համար միջնորդավճարի տեսքով, կամ, բացառությամբ բանկային ձեռնարկության դեպքի, մշտական հաստատությանը տրամադրված փոխառության դիմաց` տոկոսների տեսքով:
4. Ոչ մի շահույթ չի վերագրվի մշտական հաստատությանը այդ մշտական հաստատության կողմից ձեռնարկության համար բացառապես ապրանքներ կամ արտադրանք գնվելու պատճառով:
5. Նախորդ կետերի նպատակներով մշտական հաստատությանը վերագրվող շահույթը ամեն տարի որոշվում է միևնույն եղանակով, եթե չկա այն փոփոխելու համար հիմնավոր և բավարար պատճառ:
6. Եթե Պայմանավորվող պետությունում ընդունված է մշտական հաստատությանը վերագրվող շահույթը որոշել ձեռնարկության ամբողջ շահույթն իր տարբեր ստորաբաժանումների միջև բաշխելու հիման վրա, 2-րդ կետի ոչ մի դրույթ որևէ կերպ չի արգելի այդ Պայմանավորվող պետությանը ընդունված բաշխման եղանակի հիման վրա հարկման ենթակա շահույթը որոշելիս: Այնուամենայնիվ, ընդունված բաշխման եղանակը պետք է լինի այնպիսին, որ արդյունքը համապատասխանի սույն հոդվածում ընդգրկված սկզբունքներին:
7. Երբ շահույթը ներառում է եկամտի այնպիսի տարրեր, որոնց մասին առանձին նշվում է սույն Կոնվենցիայի այլ հոդվածներում, ապա սույն հոդվածի դրույթները չեն ազդում այդ հոդվածների դրույթների վրա: