Հոդված 76. Արձակուրդներ տալու կարգը
Հոդված 76. Արձակուրդներ տալու կարգը
Բանվորներին ու ծառայողներին աշխատանքի առաջին տարվա համար արձակուրդ է տրվում տվյալ ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում անընդհատ աշխատանքի տասնմեկ ամիսը լրանալուց հետո: Անընդհատ աշխատանքի տասնմեկ ամիսը չլրացած աշխատողի խնդրանքով արձակուրդ է տրվում կանանց` հղիության և ծննդաբարության արձակուրդից առաջ կամ դրանից անմիջականորեն հետո. տասնութ տարեկան չդարձած բանվորներին ու ծառայողներին. պահեստ արձակված և կազմակերպված հավաքագրման կարգով աշխատանքի ուղարկված զինծառայողներին` աշխատանքի երեք ամիսը լրանալուց հետո. օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
Մեկ ձեռնարկությունից, հիմնարկից, կազմակերպությունից մեկ այլ ձեռնարկություն, հիմնարկ, կազմակերպություն փոխադրված բանվորներին ու ծառայողներին արձակուրդ կարող է տրվել փոխադրվելուց հետո աշխատանքի տասնմեկ ամիսը չլրացած, եթե աշխատանքից ազատվելիս աշխատողը փոխհատուցում չի ստացել չօգտագործված արձակուրդի համար: Եթե նախքան փոխադրումը աշխատողը մեկ ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում տասնմեկ ամիս չի աշխատել, ապա նրան արձակուրդ կարող է տրվել փոխադրվելուց առաջ և հետո` ընդհանուր առմամբ աշխատանքի տասնմեկ ամիսը լրանալու դեպքում:
Աշխատանքի երկրորդ և հաջորդ տարիների համար արձակուրդ կարող է տրվել աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` արձակուրդներ տալու հերթականությանը համապատասխան: