Հոդված 12. Բազմակողմ համակարգի շրջանակներում պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների մատչելիության դյուրացում
Հոդված 12. Բազմակողմ համակարգի շրջանակներում պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների մատչելիության դյուրացում
12.1. Պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ 11-րդ հոդվածում սահմանված` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների մատչելիության դյուրացումն ապահովվում է սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան:
12.2. Պայմանավորվող կողմերը համաձայնում են Բազմակողմ համակարգի միջոցով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ իրավական կամ այլ միջոցները այլ Պայմանավորվող կողմերին նման մատչելիություն ընձեռելու համար: Այս նպատակով նման մատչելիությունը տրամադրվում է նաև ցանկացած Պայմանավորվող կողմի իրավազորության ներքո գտնվող իրավաբանական և ֆիզիկական անձանց` համաձայն 11-րդ հոդվածի 4-րդ կետի:
12.3. Նման մատչելիությունն ընձեռվում է ներքոհիշյալ հետևյալ պայմանների համաձայն.
ա) Մատչելիությունը տրամադրվում է բացառապես հետազոտությունների նպատակով օգտագործման և պահպանման, սելեկցիայի և պարենի ու գյուղատնտեսության ոլորտում կադրերի պատրաստման համար` պայմանով, որ այդ նպատակները չեն ներառում քիմիական, դեղագործական և/կամ այլ` ոչ պարենային/սննդային արդյունաբերության ապրանքներ: Բազմանպատակային մշակաբույսերի դեպքում (պարենային և ոչ պարենային) դրանց կարևորությունը պարենային անվտանգության համար որոշիչ է դառնում Բազմակողմ համակարգում դրանց ընդգրկման և դյուրացված մատչելիության համար:
բ) Մատչելիությունը տրամադրվում է արագ, առանց անհատական դեպքերին հետևելու անհրաժեշտության և անհատույց, իսկ վճարի գանձման դեպքում այն չի գերազանցում նվազագույն գինը:
գ) Պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների հետ մեկտեղ տրամադրվում են նաև բոլոր անձնագրային տվյալները և, գործող օրենքի համաձայն, նաև ցանկացած` այլ առկա, ոչ գաղտնի նկարագրական բնույթի տեղեկություն:
դ) Ստացողները չեն հավակնում մտավոր որևէ սեփականության կամ այլ իրավունքների, որոնք սահմանափակում են Բազմակողմ համակարգից ստացված` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների և դրանց գենետիկական մասերի կամ բաղադրատարրերի մատչելիությունը:
ե) Մշակման ընթացքում գտնվող պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների, ներառյալ ագարակատերերի կողմից մշակված նյութի մատչելիությունը տրամադրվում է մշակողի հայեցողությամբ` դրանց մշակման ժամանակահատվածի ընթացքում:
զ) Մտավոր և այլ սեփականության իրավունքներով պահպանվող` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների մատչելիությունը տրվում է համապատասխան միջազգային համաձայնագրերի և ազգային օրենսդրության համաձայն:
է) Բազմակողմ համակարգի շրջանակներում տրված և պահպանված` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսները շարունակում են մատչելի մնալ պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների օգտագործողների համար՝ համաձայն տվյալ Պայմանագրի դրույթների, և
ը) Չխախտելով սույն հոդվածի մյուս դրույթները` Պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ in-situ պայմաններում գտնվող` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների մատչելիությունը կտրամադրվի ազգային օրենսդրության դրույթների համաձայն կամ, նման օրենսդրության բացակայության դեպքում, այնպիսի չափորոշիչներին համապատասխան, որոնք կարող են սահմանված լինել Ղեկավար մարմնի կողմից:
12.4. Այդ նպատակով 12-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն դյուրացված մատչելիությունը տրամադրվում է Նյութի փոխանցման պայմանագրի համաձայն (ՆՓՊ), որն ընդունվում է Ղեկավար մարմնի կողմից և պարունակում է 12-րդ հոդվածի 3-րդ կետի «ա», «դ», «է» ենթակետերի դրույթները, ինչպես նաև շահույթի բաշխմանը վերաբերող 13-րդ հոդվածի 2-րդ կետի դ.ii ենթակետի դրույթները և պայմանագրի համապատասխան այլ դրույթներ և այն դրույթը, որը պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսներ ստացողը պահանջում է, որ ՆՓՊ պահանջները կիրառվեն պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսները այլ անձին կամ կազմակերպությանը փոխանցելու, ինչպես նաև պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների ցանկացած հետագա փոխանցումների ժամանակ:
12.5. Պայմանավորվող կողմերը, համաձայն կիրառելի իրավական պահանջների, ապահովում են ռեսուրսներ փնտրելու հնարավորությունը` ըստ իրենց օրենսդրական համակարգերի, ՆՓՊ շուրջ ծագող պայմանագրային վեճերի դեպքում` ճանաչելով, որ նման ՆՓՊ-ներով սահմանված պարտավորություններն ընկնում են բացառապես այդ ՆՓՊ-ների մասնակիցների վրա:
12.6. Արտակարգ աղետային իրավիճակներում Պայմանավորվող կողմերը համաձայնում են տրամադրել դյուրացված մատչելիության Բազմակողմ համակարգի` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսներին` գյուղատնտեսական համակարգերի վերականգնման գործին նպաստելու համար` համագործակցելով աղետային իրավիճակների վերացումը համակարգողների հետ: