Հոդված 13. Բազմակողմ համակարգում շահույթի բաշխումը
Հոդված 13. Բազմակողմ համակարգում շահույթի բաշխումը
13.1. Պայմանավորվող կողմերն ընդունում են, որ Բազմակողմ համակարգում ընդգրկված` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների դյուրացված մատչելիությունն ինքնին Բազմակողմ համակարգի կողմից բերվող նշանակալից շահույթ է, և համաձայնում են, որ ստացված շահույթը, համաձայն սույն հոդվածի դրույթների, բաշխվում է արդար և հավասարաչափ:
13.2. Պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ Բազմակողմ համակարգի շրջանակներում պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների օգտագործումից ստացված շահույթները, այդ թվում նաև՝ կոմերցիոն շահույթները, բաշխվում են արդար և հավասարաչափ` հետևյալ մեխանիզմների միջոցով. տեղեկատվության փոխանակում, տեխնոլոգիաների օգտագործման հնարավորություն և դրա փոխանցում, պաշարի ստեղծում և առևտրից ստացված շահույթի բաշխում` հաշվի առնելով Ղեկավար մարմնի առաջնորդության ներքո գտնվող Գործողությունների գլոբալ նախագծում գործունեության առաջնայնության ոլորտները.
ա) Տեղեկատվության փոխանակում.
Պայմանավորվող կողմերը համաձայնում են տրամադրել տեղեկատվություն, որը ներառում է քարտարաններ և գույքացուցակներ, տեղեկատվություն տեխնոլոգիաների և տեխնիկական արդյունքների մասին, գիտական և սոցիալ-տնտեսական հետազոտությունների մասին, այդ թվում` պարենի և գյուղատնտեսության համար այն բուսական գենետիկական ռեսուրսների հատկանիշների նկարագրման, գնահատման և օգտագործման մասին, որոնց վրա տարածվում է Բազմակողմ համակարգը: Նման տեղեկատվությունը, եթե այն գաղտնի չէ, տրամադրվում է ըստ կիրառելի օրենքի և ազգային հնարավորությունների: Նման տեղեկատվությունը տրամադրվում է սույն Համաձայնագրի բոլոր Պայմանավորվող կողմերին 17-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվական համակարգի միջոցով:
բ) Տեխնոլոգիաների մատչելիությունը և դրանց փոխանցումը.
i) Պայմանավորվող կողմերը պարտավորվում են տրամադրել և/կամ դյուրացնել Բազմակող համակարգի շրջանակներում գտնվող` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանության, բնութագրման, գնահատման և օգտագործման համար տեխնոլոգիաների մատչելիությունը: Գիտակցելով, որ որոշ տեխնոլոգիաներ կարող են փոխանցվել միայն գենետիկական նյութի միջոցով, Պայմանավորվող կողմերը ապահովում և/կամ դյուրացնում են այնպիսի տեխնոլոգիաների և գենետիկական նյութի մատչելիությունը, որոնց վրա տարածվում է Բազմակողմ համակարգի գործունեությունը և պարենի ու գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների շնորհիվ մշակված կատարելագործված սորտերի և գենետիկական նյութի կիրառման մատչելիությունը, որոնց վրա, 12-րդ հոդվածի դրույթների համաձայն, տարածվում է Բազմակողմ համակարգը: Այդ տեխնոլոգիաների, կատարելագործված սորտերի և գենետիկական նյութի մատչելիությունը տրվում և/կամ դյուրացվում է սեփականության իրավունքներին առնչվող օրենսդրության և ազգային հնարավորություններին համապատասխան:
ii) Զարգացող և անցումային տնտեսությամբ երկրների համար տեխնոլոգիաների մատչելիությունը և փոխանցումն իրականացվում են այնպիսի միջոցների օգնությամբ, ինչպիսիք են պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների հարցերով մշակաբույսերի օգտագործման հարցերով թեմատիկ խմբերի կազմումն ու ապահովումը և մասնակցությունը դրանց, գործընկերության բոլոր ձևերը հետազոտության ու զարգացման և համատեղ կոմերցիոն ձեռնարկություններում` կապված ստացված նյութի, մարդկային ռեսուրսների զարգացման և հետազոտական օբյեկտների գործուն օգտագործման հետ:
iii) Վերոհիշյալ i և ii կետերում նշված տեխնոլոգիաների մատչելիությունը և դրանց փոխանցումը, ներառյալ մտավոր սեփականության իրավունքով պաշտպանվածների փոխանցումը, Պայմանավորվող կողմեր հանդիսացող երկրներին, մասնավորապես, առավել վատ զարգացած և անցումային տնտեսությամբ երկրներին, ապահովվում է և/կամ դյուրացվում են արդար և առավելագույնս բարենպաստ պայմանների վրա, առավել ևս, երբ դրանք վերաբերում են պահպանման և ագարակատերերի շահույթ ապահովող տեխնոլոգիաներին` զարգացած կամ անցումային տնտեսությամբ երկրներում, ի թիվս այլոց, զեղչային և արտոնյալ փոխադարձ համագործակցության պայմանով Բազմակողմ համակարգի շրջանակներում հետազոտությունների և մշակումների ոլորտում համագործակցության միջոցով: Նման մատչելիությունը և փոխանցումը ապահովվում են այն պայմաններով, որոնք ճանաչվում և համատեղելի են մտավոր սեփականության իրավունքների համարժեք և արդյունավետ պաշտպանության հետ:
գ) Պաշարի ստեղծում.
Հաշվի առնելով զարգացող և անցումային տնտեսությամբ երկրների կարիքները, որոնք արտահայտվում են պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պոտենցիալի ստեղծմանը առաջնայնություն տալու նրանց նպատակներում և ծրագրերում, եթե առկա են այնպիսի բուսական գենետիկական ռեսուրսներ, որոնց վրա տարածվում են Բազմակողմ համակարգի գործողությունները, Պայմանավորվող կողմերը համաձայնում են առաջնայնություն տալ` i) պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանության և պարբերական օգտագործման ոլորտում գիտատեխնիկական կրթության և մշակման ծրագրերի հիմնմանն ու ամրապնդմանը, ii) պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանությանն ու պարբերական օգտագործմանը նպաստող միջոցների ստեղծմանն ու ամրապնդմանը. հատկապես զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներում, և iii) հնարավորության դեպքում և նախընտրելիորեն զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներում` գիտական հետազոտությունների պաշարի զարգացում` այդ երկրների ինստիտուտների հետ համագործակցելով, և նման հետազոտությունների պաշարի զարգացում այն ոլորտներում, որտեղ դրանք անհրաժեշտ են:
դ) Առևտրայնացումից ստացված դրամական և այլ շահույթների բաշխում.
i) Պայմանավորվող կողմերը համաձայնում են Բազմակողմ համակարգի շրջանակներում առևտրական շահույթի բաշխումն իրականացնել մասնավոր և պետական հատվածին տվյալ հոդվածում սահմանված գործունեության մեջ ներգրավելու միջոցով, գործընկերության և համագործակցության միջոցով` ներառյալ տեխնոլոգիաների մշակման ոլորտում զարգացող և անցումային տնտեսությամբ երկրների մասնավոր հատվածը ներգրավելով:
ii) Պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ 12-րդ հոդվածի 4-րդ կետում հիշատակված` Նյութի փոխանցման համաձայնագիրը պետք է նախատեսի այն պահանջը, որ ստացողը, որն առևտրայնացնում է պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսներ հանդիսացող ապրանքը, և որը պարունակում է Բազմակողմ համակարգից ստացված նյութ, վճարում է 19-րդ հոդվածի 3-րդ կետի «զ» ենթակետով նախատեսված մեխանիզմի համաձայն ապրանքի առևտրայնացումից ստացված շահույթի արդար մասնաբաժինը` բացառությամբ այն բոլոր դեպքերի, երբ այդ ապրանքն առանց սահմանափակման տրամադրվում է ուրիշներին հետագա հետազոտություններ և սելեկցիոն աշխատանքներ իրականացնելու համար, մինչդեռ առևտրայնացում իրականացնող ստացողին խորհուրդ է տրվում կատարել նման վճարում:
Ղեկավար մարմինն իր առաջին հանդիպման ընթացքում որոշում է վճարման չափը, ձևը և միջոցը` համաձայն առևտրային պրակտիկային: Ղեկավար մարմինը կարող է որոշում ընդունել վճարման տարբեր մակարդակներ կիրառելու վերաբերյալ այդ մթերքների առևտրայնացումն իրականացնող տարբեր կատեգորիաների ստացողների համար. նա նաև կարող է որոշում ընդունել զարգացող և անցումային տնտեսությամբ երկրների մանր ագարակատերերին այդ կարգի վճարումներից ազատելու մասին: Ղեկավար մարմինը կարող է շահույթի արդար և հավասարաչափ բաշխում ապահովելու նպատակով ժամանակ առ ժամանակ վերանայել վճարման մակարդակները, և նա կարող է նաև սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո` 5 տարվա ընթացքում, գնահատել, թե արդյոք անհրաժեշտ է, որ ՆՓՊ-ում սահմանված պարտադիր վճարման պահանջը կիրառվի այն դեպքերում, երբ նման առևտրայնացված մթերքները առանց սահմանափակման տրվում են մյուս կողմերի տնօրինությանը հետազոտություններ և սելեկցիոն աշխատանքներ իրականացնելու համար:
13.3. Պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսներից ստացված շահույթները, որոնք բաշխված են Բազմակողմ համակարգի շրջանակներում, լինի ուղղակի, թե անուղղակի, պետք է հասնեն բոլոր երկրների, մասնավորապես զարգացող և անցումային տնտեսությամբ երկրների ագարակատերերին, ովքեր պահպանում և պարբերաբար օգտագործում են պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսները:
13.4. Ղեկավար մարմինն իր առաջին հանդիպման ընթացքում քննարկում է 18-րդ հոդվածի համաձայն ստեղծված` համաձայնեցված ֆինանսավորման ռազմավարության շրջանակներում հատուկ օգնության համապատասխան քաղաքականությունը և չափանիշները, որը տրամադրվում է զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներին, որոնք ունեն նշանակալից ներդրում Բազմակողմ համակարգում պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների բազմազանության ապահովման գործում և/կամ ունեն հատուկ պահանջմունքներ:
13.5. Պայմանավորվող կողմերն ընդունում են, որ զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներում Գործողությունների գլոբալ նախագծի ամբողջական իրականացման հնարավորությունը էապես կախված է սույն հոդվածի արդյունավետ իրականացումից և 18-րդ հոդվածում նախատեսված ֆինանսավորման ռազմավարությունից:
13.6. Պայմանավորվող կողմերը դիտարկում են ներդրումների կամավոր բաշխման ռազմավարության իրականացման ձևերը, որի համաձայն պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսներից շահույթ ստացող սննդի արդյունաբերության ձեռնարկությունները կատարում են վճարումներ Բազմակողմ համակարգին: