Հոդված 19. Ղեկավար մարմին
Հոդված 19. Ղեկավար մարմին
19.1. Սույնով հաստատվում է սույն Պայմանագրի Ղեկավար մարմին, որի կազմի մեջ մտնում են բոլոր Պայմանավորվող կողմերը:
19.2. Ղեկավար մարմնի բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, եթե միայն կոնսենսուսով նախատեսված չէ որոշումների ընդունման համար այլ մեթոդ, բացառությամբ 23-րդ և 24-րդ հոդվածների, որոնք միշտ պահանջում են կոնսենսուս:
19.3. Ղեկավար մարմնի գործառույթը սույն Պայմանագրի լրիվ իրականացմանն աջակցելն է` պահպանելով նրա նպատակները, մասնավորապես`
ա) ապահովել ռազմավարական ուղղություն և կողմնորոշող ցուցումներ` սույն Պայմանագրի իրականացումը դիտարկելու համար, և ընդունել այնպիսի հանձնարարականներ, որոնք անհրաժեշտ են սույն Պայմանագրի և, մասնավորապես, Բազմակողմ համակարգի գործառության համար,
բ) ընդունել նախագծեր և ծրագրեր սույն Պայմանագրի իրականացման համար,
գ) 18-րդ հոդվածի դրույթների համաձայն` իր առաջին նստաշրջանում ընդունել և պարբերաբար վերանայել սույն Պայմանագրի իրականացման համար ֆինանսավորման ռազմավարությունը,
դ) ընդունել սույն Պայմանագրի բյուջեն,
ե) անհրաժեշտ միջոցների առկայությունից կախված` քննարկել և հաստատել պահանջվող օժանդակող մարմինները, ինչպես նաև` նրանց համապատասխան մանդատներն ու կազմը,
զ) անհրաժեշտության դեպքում ստեղծել համապատասխան մեխանիզմ, ինչպիսին է Նպատակային հաշիվը, որի միջոցով ստացվում և օգտագործվում են ֆինանսական ռեսուրսները, որոնք կուտակվում են այդ հաշվի վրա` սույն Պայմանագրի նպատակներն իրականացնելու համար,
է) միջազգային այլ համապատասխան կազմակերպությունների և պայմանագրային մարմինների, ներառյալ, մասնավորապես, Կենսաբանական բազմազանության Կոնվենցիայի Կողմերի խորհրդաժողովի հետ հաստատել և զարգացնել համագործակցություն այն հարցերի շուրջ, որոնց վրա տարածվում է սույն Պայմանագիրը, ներառյալ նրանց մասնակցությունը ֆինանսավորման ռազմավարությանը,
ը) քննարկել և ընդունել, եթե անհրաժեշտ է, փոփոխություններ սույն Պայմանագրում` 23-րդ հոդվածի դրույթների համաձայն,
թ) քննարկել և ընդունել, եթե անհրաժեշտ է, փոփոխություններ սույն Պայմանագրի Հավելվածներում` համաձայն 24-րդ հոդվածի դրույթների,
ժ) քննարկել ռազմավարության իրականացման ձևերը կամավոր անդամավճարները խթանելու համար, մասնավորապես այն, ինչ վերաբերում է 13-րդ և 18-րդ հոդվածներին,
ժա) տրամադրել այնպիսի այլ գործառույթներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել սույն Պայմանագրի նպատակներին հասնելու համար,
ժբ) ի գիտություն ընդունել Կենսաբանական բազմազանության մասին Կոնվենցիայի Կողմերի խորհրդաժողովի և համապատասխան այլ միջազգային կազմակերպությունների և պայմանագրային մարմինների համապատասխան որոշումները,
ժգ) ըստ անհրաժեշտության` տեղեկացնել Կենսաբանական բազմազանության մասին Կոնվենցիայի Կողմերի խորհրդաժողովին և այլ միջազգային կազմակերպություններին ու պայմանագրային մարմիններին սույն Պայմանագրի իրականացման հետ կապված հարցերի մասին, և
ժդ) հաստատել ՄԳՀԿ-ի և 15-րդ հոդվածում նշված այլ միջազգային հաստատությունների համաձայնագրերի պայմանները, ինչպես նաև վերանայել և փոփոխություններ կատարել 15-րդ հոդվածում նշված ՆՓՊ-ում:
19.4. Պահպանելով 19-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթները` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ունի մեկ ձայն և կարող է ներկայացվել Ղեկավար մարմնի նիստերին մեկ պատվիրակով, որին կարող են ուղեկցել տեղակալը, ինչպես նաև փորձագետները և խորհրդատուները: Տեղակալը, փորձագետները և խորհրդատուները կարող են մասնակցել Ղեկավար մարմնի աշխատանքներին, սակայն չեն կարող քվեարկել` բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք պատշաճորեն լիազորված են փոխարինելու պատվիրակներին:
19.5. Միավորված ազգերի կազմակերպությունը, նրա մասնագիտացված գործակալությունները և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, ինչպես նաև սույն Պայմանագրի Պայմանավորվող կողմ չհանդիսացող ցանկացած պետություն Ղեկավար մարմնի նիստերին կարող է ներկայացված լինել դիտորդի կարգավիճակով: Ցանկացած այլ մարմին կամ գործակալություն, լինի այն կառավարական, թե ոչ կառավարական, որը մասնագիտացած է պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանման և կայուն օգտագործման բնագավառում, և որը տեղեկացրել են Քարտուղարին Ղեկավար մարմնի նիստերին դիտորդի կարգավիճակով ներկա գտնվելու ցանկության մասին, կարող են նույնպես մասնակցել դրանց, եթե դրան չի առարկում ներկա Պայմանավորվող կողմերի առնվազն մեկ երրորդը: Դիտորդի թույլտվությունը և մասնակցությունը ենթակա են Ղեկավար մարմնի կողմից ընդունված կանոնակարգին:
19.6. Պայմանավորվող կողմ հանդիսացող` ՊԳԿ-ի անդամ կազմակերպությունը և այդ անդամ կազմակերպության մասնակից պետությունները, որոնք հանդիսանում են Պայմանավորվող կողմեր, որը համարվում է և այդ անդամ կազմակերպության անդամ պետությունները, իրականացնում են իրենց անդամության իրավունքները և կատարում են իրենց անդամության պարտականությունները` համաձայն mutatis mutandis, ՊԳԿ-ի կանոնադրության և Ընդհանուր կանոնների:
19.7. Ղեկավար մարմինն ընդունում և, եթե անհրաժեշտ է, փոփոխում է իր իսկ կողմից ընդունված կանոնակարգի կանոնները, ինչպես նաև` ֆինանսավորման կանոնները, որոնք չպետք է հակասեն սույն Պայմանագրին:
19.8. Ղեկավար մարմնի ցանկացած նստաշրջանին քվորումը ապահովելու համար անհրաժեշտ է Պայմանավորվող կողմերի մեծամասնությունը ներկայացնող պատվիրակների ներկայությունը:
19.9. Ղեկավար մարմինը առնվազն երկու տարին մեկ անգամ գումարում է կանոնավոր նստաշրջաններ: Այդ նստաշրջանները, որքանով հնարավոր է, անցկացվում են Պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների հանձնաժողովի կանոնավոր նստաշրջաններից առաջ կամ հետո:
19.10. Ղեկավար մարմնի հատուկ նստաշրջանները գումարվում են այն դեպքում, երբ դա նպատակահարմար է գտնում Ղեկավար մարմինը, կամ` Պայմանավորվող կողմի գրավոր խնդրանքով` պայմանով, որ այդ խնդրանքին կսատարի Պայմանավորվող կողմերի առնվազն մեկ երրորդը:
19.11. Ղեկավար մարմինն ընտրում է իր Նախագահին և Փոխնախագահներին (որոնք միասին կազմում են Բյուրոն)` համաձայն իր կանոնակարգի կանոնների: