Հոդված 11. Տոկոսներ
Հոդված 11. Տոկոսներ
1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող տոկոսները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Սակայն այդպիսի տոկոսները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են՝ այդ Պետության օրենքներին համաձայն. բայց եթե տոկոսների փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 10 տոկոսը:
Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները սույն սահմանափակման կիրառման եղանակը կորոշեն փոխադարձ համաձայնությամբ:
3. Անկախ 2-րդ կետի դրույթներից` Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին, որը հանդիսանում է դրանց փաստացի սեփականատերը, վճարվող տոկոսները ենթակա են հարկման միայն այդ մյուս Պետությունում այն չափով, որով այդպիսի տոկոսները վճարվում են.
ա) կապված որևէ արդյունաբերական, առևտրային կամ գիտական սարքավորման ապառիկ վաճառքի հետ,
բ) բանկի կողմից տրամադրված ցանկացած տեսակի փոխառության դիմաց:
4. «Տոկոսներ» տերմինը սույն Կոնվենցիայում օգտագործվելիս նշանակում է` եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջից, անկախ հիպոթեքային ապահովումից և անկախ պարտապանի շահույթին մասնակցության իրավունքի առկայությունից, և, մասնավորապես, եկամուտ պետական արժեթղթերից և եկամուտ պարտատոմսերից կամ փոխառության տոմսերից` ներառյալ այդպիսի արժեթղթերի, պարտատոմսերի կամ փոխառության տոմսերի հետ կապված պարգևավճարներն ու մրցանակները: Սույն Կոնվենցիայի նպատակով ժամկետանց վճարման պատճառով կիրառվող տույժերը որպես տոկոսներ չեն դիտվում:
5. 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում այդ մյուս Պետությունում այնտեղ գտնվող հաստատուն բազայի միջոցով, և պարտապահանջը, որի առնչությամբ վճարվում են տոկոսները, գործնականորեն կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են 7-րդ հոդվածի (Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից) կամ 14-րդ հոդվածի (Անկախ անհատական ծառայություններ) դրույթները:
6. Տոկոսները համարվում են առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն այդ Պետության ռեզիդենտ է: Սակայն երբ տոկոսներ վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն կամ հաստատուն բազա, որոնց առնչությամբ առաջացել է պարտքը, որի տոկոսները վճարվում են, և այդ տոկոսների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան, ապա այդ տոկոսները համարվում են առաջացած այն Պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:
7. Երբ վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով պարտապահանջին վերաբերող վճարվող տոկոսների գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքների համաձայն՝ հաշվի առնելով սույն Կոնվենցիայի այլ դրույթները: