Հոդված 24. Անխտրականություն
Հոդված 24. Անխտրականություն
1. Պայմանավորվող պետության ազգային անձինք մյուս Պայմանավորվող պետությունում չեն ենթարկվի այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, քան այն հարկումն ու դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց ենթարկվում են կամ կարող են ենթարկվել այդ մյուս Պետության ազգային անձինք նույն հանգամանքների դեպքում, մասնավորապես` ռեզիդենտության նկատմամբ: Այս դրույթը, չնայած 1-ին հոդվածի (Ընդգրկված անձինք) դրույթներին, կիրառվում է նաև Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ չհանդիսացող անձանց նկատմամբ:
2. Մյուս Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության հարկումը այդ մյուս Պետությունում չպետք է լինի նվազ բարենպաստ, քան այդ մյուս Պետության համանման գործունեություն իրականացնող ձեռնարկությունների հարկումը: Այս դրույթը չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող` մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտներին հարկման նպատակներով այնպիսի անձնական զեղչեր, ազատումներ և նվազեցումներ տրամադրել, որոնք Պայմանավորվող պետությունը տրամադրում է իր ռեզիդենտներին նրանց քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների հիման վրա:
3. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են 9-րդ հոդվածի (Ասոցիացված ձեռնարկություններ), 11-րդ հոդվածի (Տոկոսներ) 7-րդ կետի կամ 12-րդ հոդվածի (Ռոյալթի) 6-րդ կետի դրույթների` Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարած տոկոսները, ռոյալթին և այլ վարձատրությունները այդպիսի ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով ենթակա են նվազեցման նույն պայմաններով, ինչպես առաջինը հիշատակված Պետության ռեզիդենտին վճարելիս: Նմանապես, Պայմանավորվող պետության ձեռնարկության ցանկացած պարտքը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին այդ ձեռնարկության հարկվող կապիտալի որոշման նպատակով ենթակա է նվազեցման նույն պայմաններով, ինչպես առաջինը հիշատակված Պետության ռեզիդենտին պարտք լինելիս:
4. Պայմանավորվող պետության ձեռնարկությունները, որոնց կապիտալն ամբողջությամբ կամ մասամբ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում կամ կառավարվում է մյուս Պայմանավորվող պետության
մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, առաջինը հիշատակված Պետությունում չեն ենթարկվի այլ կամ ավելի ծանր որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, քան այն հարկումը կամ դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց ենթարկվում են կամ կարող են ենթարկվել առաջինը հիշատակված Պետության այլ համանման ձեռնարկությունները:
5. Չնայած 2-րդ հոդվածի (Ընդգրկված հարկերը) դրույթներին` սույն հոդվածի դրույթները կիրառվում են բոլոր տեսակի և բնույթի հարկերի նկատմամբ: