Հոդված 5. Մշտական հաստատություն
Հոդված 5. Մշտական հաստատություն
1. Սույն Կոնվենցիայի նպատակներով «մշտական հաստատություն» տերմինը նշանակում է` գործունեության կայուն վայր, որի միջոցով ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է ձեռնարկության ձեռնարկատիրական գործունեությունը:
2. «Մշտական հաստատություն» տերմինը հատկապես ներառում է.
ա) ղեկավարման վայր,
բ) մասնաճյուղ,
գ) գրասենյակ,
դ) գործարան,
ե) արտադրամաս,
զ) հանքահոր, նավթի կամ գազի հորատանցք, քարհանք կամ բնական պաշարների արդյունահանման ցանկացած այլ վայր, և
է) ապրանքային պահեստ` կապված այն անձի հետ, որը ստեղծում է պահպանման պայմաններ մյուսների համար:
3. Շինարարական հրապարակը, կառուցման, հավաքման կամ տեղակայման ծրագիրը կամ դրանց հետ կապված վերահսկման գործունեությունը համարվում են մշտական հաստատություն միայն այն դեպքում, երբ նման հրապարակի, ծրագրի կամ գործունեության տևողությունը գերազանցում է վեց ամիսը:
4. Չնայած սույն հոդվածի նախորդ կետերի դրույթներին` կհամարվի, որ «մշտական հաստատություն» տերմինը չի ներառում.
ա) հարմարությունների օգտագործումը ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ մատակարարման նպատակով,
բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ մատակարարման նպատակով,
գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը բացառապես այլ ձեռնարկության կողմից մշակման նպատակով,
դ) գործունեության կայուն վայրի օգտագործումը բացառապես ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի գնման կամ տեղեկությունների հավաքման նպատակով,
ե) գործունեության կայուն վայրի պահպանումը ձեռնարկության համար բացառապես գովազդի, տեղեկատվության տրամադրման, գիտական կամ նախապատրաստական կամ օժանդակ բնույթի նմանատիպ այլ գործողությունների նպատակով,
զ) մյուս Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից իրականացվող տեղակայման կամ հավաքման ծրագիրը` կապված այդ ձեռնարկության կողմից արտադրվող մեխանիզմների կամ սարքավորումների առաքման հետ,
է) գործունեության կայուն վայրի օգտագործումը բացառապես «ա» - «զ» ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության համար, պայմանով, որ այդ համակցության արդյունքում գործունեության կայուն վայրի ամբողջական գործունեությունը նախապատրաստական կամ օժանդակ բնույթի է:
5. Չնայած 1-ին և 2-րդ կետերի դրույթներին` այն դեպքում, երբ անկախ կարգավիճակով գործակալ համարվող անձից, որին վերաբերում է 6-րդ կետը, տարբերվող անձը գործում է ձեռնարկության անունից և ունի ու սովորաբար իրականացնում է Պայմանավորվող պետությունում այդ ձեռնարկության անունից պայմանագրեր կնքելու իրավասությունը, ապա այդ ձեռնարկությունը համարվում է մշտական հաստատություն ունեցող այդ Պետությունում ցանկացած գործունեության առնչությամբ, որն այդ անձն իրականացնում է այդ ձեռնարկության համար, եթե այդ անձի գործունեությունը չի սահմանափակվում 4-րդ կետում նշվածով, որը եթե անգամ իրականացվում է գործունեության կայուն վայրի միջոցով, այդ կետի դրույթների համաձայն` այդ գործունեության կայուն վայրը չի վերածում մշտական հաստատության:
6. Պայմանավորվող պետության ձեռնարկությունը չի համարվի մշտական հաստատություն ունեցող մյուս Պայմանավորվող պետությունում միայն այն պատճառով, որ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ Պետությունում բրոքերի, սովորական կոմիսիոն գործակալի կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով` պայմանով, որ այդպիսի անձինք գործում են իրենց սովորական ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում: Սակայն, եթե այդպիսի գործակալի գործունեությունը ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ իրականացվում է այդ ձեռնարկության անունից, ապա, սույն կետի իմաստով, նա չի դիտվի որպես անկախ կարգավիճակով գործակալ:
7. Այն փաստը, որ Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությունը վերահսկում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությանը կամ վերահսկվում է նրա կողմից կամ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում (մշտական հաստատության միջոցով կամ այլ կերպ), ինքնին որևէ ընկերության չի դարձնում մյուս ընկերության մշտական հաստատությունը: