Հոդված 3. Ընդհանուր սահմանումներ
Հոդված 3. Ընդհանուր սահմանումներ
1. Սույն Կոնվենցիայի նպատակներով, եթե համատեքստը այլ բան չի պահանջում.
ա) «Պայմանավորվող պետություն» և «մյուս Պայմանավորվող պետություն» տերմինները, համատեքստից կախված, նշանակում են Հայաստան կամ Շվեյցարիա,
բ) «Հայաստան» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետություն,
գ) «Շվեյցարիա» տերմինը նշանակում է Շվեյցարիայի Համադաշնություն,
դ) «Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկություն» տերմինները նշանակում են, համապատասխանաբար, Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն,
ե) «անձ» տերմինը ներառում է` ֆիզիկական անձ, ընկերություն և անձանց ցանկացած այլ միավորում,
զ) «ընկերություն» տերմինը նշանակում է` ցանկացած իրավաբանական անձ կամ ցանկացած միավորում, որը հարկման նպատակներով դիտվում է որպես իրավաբանական անձ,
է) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է` ցանկացած փոխադրում Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից շահագործվող նավով, օդանավով կամ ճանապարհային տրանսպորտով` բացառությամբ այն դեպքերի, երբ նավը, օդանավը կամ ճանապարհային տրանսպորտը շահագործվում է բացառապես մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող վայրերի միջև,
ը) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է.
i) Հայաստանի դեպքում՝ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար կամ նրա լիազոր ներկայացուցիչ, Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ կամ նրա լիազոր ներկայացուցիչ,
ii) Շվեյցարիայի դեպքում՝ դաշնային հարկային ադմինիստրացիայի տնօրեն կամ նրա լիազոր ներկայացուցիչ,
թ) «ազգային անձ» տերմինը նշանակում է.
i) Պայմանավորվող պետության քաղաքացիություն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ,
ii) ցանկացած իրավաբանական անձ, ընկերակցություն, ասոցիացիա կամ ցանկացած այլ միավորում, որը Պայմանավորվող պետությունում գործող օրենսդրության հիման վրա ստացել է իր այդ կարգավիճակը:
2. Պայմանավորվող պետության կողմից Կոնվենցիան ցանկացած պահի կիրառվելիս դրանում չսահմանված ցանկացած տերմին, եթե համատեքստը այլ բան չի պահանջում, ունի այն նշանակությունը, որը նրան այդ պահին այդ Պետության օրենսդրությամբ տրված է այն հարկերի առնչությամբ, որոնց նկատմամբ կիրառվում է Կոնվենցիան: Այդ Պետության գործող հարկային օրենքներով սահմանված ցանկացած տերմինի նշանակությունը գերակայում է այդ Պետության այլ օրենքներով այդ տերմինի համար սահմանված նշանակության նկատմամբ: